«Կառավարությունը երկու անգամ դրական եզրակացություն է տվել այս օրինագծին»- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե սահմանափակման արդյունքում արդյոք չի՞ ձևավորվի սև շուկա, և այդ գրասենյակները սկսեն իրենց գործունեությունը գաղտնի կերպով իրականացնել՝ այդ առումով մշակվել է պատժի, կամ տուգանքների ձևաչափ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հենց երեկ, այդ գաղտնի գործունեության հետ կապված գրասենյակներից մեկի վրա գործ է հարուցվել և, կարծեմ` արձագանք կա: Սև շուկա չի ձևավորվի, որովհետև դա կարող էր լինել այն պարագայում, եթե ամբողջապես արգելվեր այդ գրասենյակների գործունեությունը: Այս պարագայում խաղատների գործունեությունն ընդհանրապես չի արգելվում, լինելու է օնլայն խաղալու հնարավորություն, որովհետև օնլայնը փակել անհնար է: Օնլայն տիրույթը փակելու համար ահռելի միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի գոնե 60-70%-ով հնարավոր լինի սահմանափակել: Բացի այդ, սև շուկա չի առաջանա նաև նրա համար, որ լինելու են մի քանի քաղաքներ, որտեղ հնարավորություն կլինի խաղադրույք կատարել»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծն այսօր Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում չդրվեց քվեարկության, որպեսզի աշխատանքային քննարկումների ընթացքում վերանայվի:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ