Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ իր մորաքրոջ՝ նախկինում դատապարտված որդուն՝ Էդգար Ծատինյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ծեծել, ստիպել սուտ ցուցմունք տալ, սպառնալով, որ այլապես թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը: Մարիամ Մկրտչյանը նշել է, որ եղբայրը այլ տարբերակ չունենալով, կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Սակայն այստեղ էլ նրան պատշաճ օգնություն չի ցուցաբերվել, որի հետևանքով վերջինս մահացել է: Ի պատասխան ոստիկանությունը հայտարարություն  է տարածել՝ հերքելով տեղի ունեցածը, ինչպես նաև նշում՝ ստուգվում է սուտ մատնության հատկանիշների առկայությունը։

Մարիամ Մկրտչյանը իր ֆեյսբուքի էջում գրել է․ «Ամսի 6-ն էր, կարծեմ եղբորս կողքի շենքում տատիկ էին դաժանաբար սպանել ու քանի որ ախպերս նստած-հելած էր, բերման են ենթարկել։ Մտցրել են ներս, նախ լխկել են սաղին, ասում ա՝ կանդալները քցել էին ձեռներիս սպանում էին, ասում էին՝ որն էր վիրահատված ոտդ ու քացիներով տալիս էին էդ ոտիս։ Ասում ա՝ ասեցին գրի, որ դու գիտես որ էս ինչ էս ինչ մարդն ու կնիկն են սպանել, ասել ա՝ չեմ անի տենց բան, ասել են դե ուրեմն Քիսոյին կքցենք ջեբդ, ասելա՝ Քիսոն ով ա, ասել են կրիստալը։ Ու քցել են ջեբը ասել են դե կեթաս 7-ից 15 տարի կնստես։ Ճարը կտրած, վախեցած, խառնված վերցրել տենց տոպրակով կուլ ա տվել էդ անտերը 3 գրամ ա եղել։ Վատացել ա, ասել են հանկարծ իմացել ենք մեկին ասել ես, որ մենք ենք արել՝ քեզ մի ձև կսպանենք ու տարել են հիվանդանոց Մասիվի, ընդեղ ասումա ինձ քցեցին գետնին, ասեցին մեռնում ա, չենք ընդունի՝ մնա վրներս ջառմա, ծանոթ միլիցա ա եղել, ջղայնացել-գոռգռացել ա, վերջը տարել են հանրապետական։ Էդգարս ասում էր՝ ինձ մենակ մի թող ստեղ Մանան մի բան կանեն մի բան կսրսկեն կմեռնեմ։

Նախ հիվանդանոցում մեզ հանգստացին, թե բան չկա, մի 2 սիստեմա էլ ընդունի՝ տարեք տուն, ոչ ռենտգեն արեցին, ոչ ստամոքսի լվացում։ Ախպերս ասում էր՝ տոպրակով ա եղել, ասում էին՝ հա, բան չկա, էդ հեչ, 2 օրից կգա կընկնի։ Ասեցինք՝ եթե կարիք կա՝ ստամոքսը բացեք մաքրեք, ասեցին չէ, նորմալ ա, պետք չի, որ բացենք՝ կպայթի։ Ռումբ է՞ր։

Ամենաահավորն էն ա, որ մոտն էի, դուրս եկա ու մի 2-3 ժամ հետո զանգեցին-ասեցին, որ էլ չկա իմ գանձը։ Մորաքրոջս՝ իր մոր ձեռքերի մեջ էլ մահացավ, ասում ա՝ բերեցին սոդայաջուր տվեցին, ձեռքից սրսկեցին, անցավ 10 րոպե, բուգը ուռեց սկսեց հետ տալ սև արյուն ու գնաց։ Մորաքույրս ասումա` գոռում էր մեր ջաան, օգնի, մեր ջաան, օգնի, բան չեմ տենում»,- գրել է մահացած Էդգար Ծատինյանի մորաքրոջ աղջիկը։

Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև   տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:

Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:

Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր: