ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի։

…Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանը։ Առերես հարցաքննության ժամանակ նա պնդել է իր ցուցմունքը, սակայն ուշագրավ է, որ Ադյանը ցուցմունքը ոչ թե բանավոր է ասել, այլ կարդացել է թղթից՝ առանց Սանասարյանի աչքերին նայելու։ Ադյանը նշել է, որ Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը կապ ունի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում, մտերիմ հարաբերություններ ունի, իսկ ընկերությունը մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ լիցենզիա չունի, այդ ամենի վրա նա աչք է փակել։

 

Ի դեպ, իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ Սանասարյանը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վարչապետը պնդել է, որ անկախ քննություն պետք է լինի։

Նշենք, որ ՊՎԾ-ն ստուգումներ էր արել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Վանաձոր» բժշկական կենտրոններում, որտեղ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթը տարիներ ի վեր շահել է «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր ՍՊԸ-ն։

Ստուգումներից հետո պարզվել էր, որ հայտարարված տենդերներում չարաշահումներ են եղել, այնպիսի չափորոշիչներ են եղել սահմանված, որ կարողացել է հաղթել միայն այդ գերմանական ընկերությունը։ Այդ ստուգումներից հետո չափորոշիչներ են փոխվել, այնպես, որ մրցույթը հասանելի լինի շատ կազմակերպություններին։

Այդ փոփոխությունների արդյունքում 8 կազմակերպություն կարողացել է մասնակցել բժշկական կենտրոններում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տենդերը շահել է նախկինում կահույքի արտադրմամբ զբաղվող «Զորաշեն» ՍՊԸ-ն։

ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանին, աշխատակիցներից Գեւորգ Խաչատրյանին եւ այդ ընկերության տնօրենին՝ Տարոն Ավետիսյանին։

Ըստ տեղեկությունների՝ ՊՎԾ վարչության պետը, ով նաեւ հիվանդանոցներում ստուգող հանձնաժողովի նախագահն է եղել, ամեն ինչ արել է, որ մրցույթը շահի հենց «Զորաշենը»։

Ադյանը, պարզվում է, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում, մտերիմ հարաբերություններ ունի ղեկավարների հետ, անգամ միասին նկարներ ունեն համատեղ քեֆ-ուրախություններից։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

armdaily.am