ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան: Վարչապետը հանդիպում է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Խոսելով տնտեսական հեղափոխության մասին վարչապետ Փաշինյանը շեշտադրեց, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան երկրի տնտեսության շարժիչ ուժը: Առաջիկա տասը տարիների արդյունքով երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:
«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր: Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժով երկրի կարգավիճակից: Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան էլ լինելու է կրթական համակարգը, որը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետության ուսանողներին բարձր որակավորմամբ: Այն պահին, երբ նրանք կլքեն բուհը, պետք է ունենան բարձր որակավորմամբ մասնագետի կարգավիճակ: Գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում մեծ տեղ զբաղեցնի»,-ասաց վարչապետը՝ այս նպատակին հասնելու համար մեծապես կարևորելով կրթական բարեփոխումները:
Հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: