Հրապարակվել է «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով զեկույցը, որի պաշտոնական քննարկումն ու շնորհանդեսն այսօր էր: Բանախոսներն անդրադարձան այն գործոններին, որոնց օգտագործումը կբերի ՀՀ տնտեսության աճին, ինչպես նաև զբաղվածության ընդլայնմանը:
Զեկույցում տնտեսագետ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում ավելի արագ և ներառական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: Գործազրկության մակարդակն ու աշխատանքային միգրանցիան Հայաստանի խրոնիկ մարտահրավերներից է, որոնք հանգեցրել են աշխատանքային ռեսուրսների զգալի կրճատման:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանում արագացված տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Աշխատատեղերի թվի անկում է կանխատեսվում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, իսկ ծառայությունների, վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում՝ ակնկալվում է աշխատատողերի թվերի ավելացում»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ տնտեսական կառուցվածքի համաշխարհային վերափոխումների և տեխնոլոգիական զարգացումների արդյունքում՝ աշխատանքների պահանջները շատ արագ փոխվում են, և մեծանում է ապագայում աշխատուժի կարիքի հետ կապված անորոշությունը. «Մարդկային կապիտալն այն առանձնահատուկ արժեքային առաջարկն է, որը կօգնի Հայաստանին համաշխարհային մակարդակով առանձնանալ տաղանդի և ներդրումների մրցակցության մեջ»:
Ըստ զեկույցի տվյալների՝ ՀՀ-ում ամենաարագ զարգացող ոլորտը ՏՏ-ն է, իսկ երկրում աշխատող յուրաքանչյուր երրորդը ունի բարձրագույն կրթություն: Հովհաննիսյանը նշեց, որ այս ցուցանիշով մեր երկիրը մոտ է Եվրոպական երկրների ցուցանիշին:
«Արդեն ակնհայտ են աշխատուժի հմտությունների նկատմամբ պահանջների փոփոխություները: Հիմա ավելի են կարևորվում անհատի վերլուծական մտածողությունը, թիմում աշխատելու կարողությունը, հաղորդակցման հմտություները, բարդ խնդիրներ լուծելու ունակությունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանը պետք է ձգտի դառնալ արագ սովորողների երկիր:
Լուսինե Մարդոյան