Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք այսօր հայրենադարձվել են Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ, տեղեկացնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվել են Ադրբեջանի Հանրապետության Ղազախ և Հայաստանի Հանրապետության Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին ՝ միջազգային սահմանի վրա։
Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։
Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։
Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով։
Գործելով Ժնևյան կոնվենցիաների ներքո իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։