Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որտեղ իր ելույթում անդրադարձել է ԼՂ խնդրին: Սարգսյանի ելույթը լի էր տողատակերով և մեսսիջներով, որոնք ուղղված էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին՝ մասնավորապես ադրբեջանական լսարանին: Սարգսյանը Իլհամ Ալիեւի նյարդերի հետ է խաղում եւ ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում:  Թե ինչ նպատակ, առայժմ դժվար է ասել: Բայց, որ նրա գործողություններում որոշակի տրամաբանություն կա, կասկածից վեր է: Նախագահը ՊՆ այցելեց արդեն մի քանի օր տևող սահմանային լարվածության ֆոնին: Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը եւ ավելացնում, թե հայկական կողմը երկուսին էլ պատրաստ է: Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում եւ որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի: Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա:
 
Սերժ Սարգսյանը նաև Ալիևին հասկացնում է, որ նրա ավանդական դարձած էժանագին «խաղի կանոններն» այլևս չեն գործում, եւ բոլորի համար պարզ է, որ այլ է բանակցություններին՝ միջնորդների ներկայությամբ Ալիևը, այլ է՝ Ադրբեջան վերադարձած Ալիևը: Այսինքն՝ «խոսքի ու գործի» միջև 180 աստիճան տարբերության առկայություն: Հենց սա ֆիքսեց իր խոսքում Սերժ Սարգսյանը: Սակայն ուշագրավ է, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեև, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների և արկերի կիրառումը կարծես թե Երևանին հնարավորություն է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը: Նախագահը հայտարարում է, որ սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը, որպեսզի անձամբ նրանից ճշտի, թե ինչն է վերջինիս այդպես զայրացրել, ի՞նչ գաղտնազերծումներ է արել ինքը Ժնևյան հանդիպումից հետո: Սարգսյանի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ հարցեր են եղել Սարգսյան-Ալիև բանակցությունների օրակարգում: Գուցե իրավացի են այն պնդումները, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են առավելապես ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր: Այս պարագայում այո՝ Սերժ Սարգսյանը որևէ գազտնազերծում չի արել և Ալիևը զայրանալու առիթ կարծես թե չուներ: Ալիեւին իշխանությունը պահպանելու համար խիստ անհրաժեշտ է ցույց տալ «հաղթողական դիվանագիտություն» եւ լարել իրավիճակը սահմանին: Սերժ Սարգսյանին էլ պետք է ցույց տալ, որ իրենից լավ ոչ ոք չի տիրապետում անվտանգության խնդիրներին: Իսկ որպեսզի այս ամենը լինի՝ Վիեննայի օրակարգը գոնե առայժմ չպետք է իրականանա:
 
Ոչ պակաս կարևոր էին նաև Սերժ Սարգսյանի ներքաղաքական մեսսիջները: Նախ ուշագրավ է օրը, որը նախագահը ընտրել էր ՊՆ այցելելու համար: Այն համընկավ Հայաստան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կատարած այցի հետ: Ստացվում է, այն պահին, երբ ՀՀ է գալիս վարչապետ Կարեն Կարապետյանի «աջակցության խումբը», Սարգսյանը շտապում է ՊՆ՝ խաղարկելով իր գլխավոր՝ անվտանգության խաղաքարտը: Սա ոչ այլ ինչ է, քան ուժի դասական ցուցադրություն, սակայն արդեն ներքաղաքական համատեքստում: Այդ նույն համատեքստում էլ հարկավոր է դիտարկել նախագահի մեկ այլ հայտարարությունը, որը նա արել է բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին խոսքի շրջանակում: «Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: 
 
Ակնհայտ է, որ նախագահը խոսելով իր պատասխանատվության մասին՝ ծրագրի իրականացման համար, օգտագործում է «որպես գլխավոր հրամանատար» ձևակերպումը: Ըստ էության Սարգսյանը նկատի ունի վարչապետի պաշտոնն ու առաջին անգամ բավական թափանցիկ ակնարկում է այդ մասին:
 
Ստելլա Խաչատրյան