ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի, երբ նախաքննությունը կավարտվի:
«Ես հիմա չեմ ցանկանում այս մասին խոսել: Երբ նախաքննությունը կավարտվի, ասուլիս կհրավիրեմ և մանրամասն կներկայացնեմ»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ինչ են քննարկել, Դավիթ Սանասարյանը նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել:
«Ես երբևէ պաշտոնի համար որևէ գործողություն չեմ արել, ու առաջիկայում էլ նույն սկզբունքով եմ առաջնորդվելու: Իմ գործողությունը հանուն Հայաստանի է»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Դավիթն իր ընկերն է, բայց Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական:
«Վարչապետի այդ հայտարարությունն ուղղված է բոլորին»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ: