«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, միասին քայլել ենք, բայց գործն իրավապահ մարմինների որոշելիքն է, ես չեմ ուզում առաջ ընկնել: Սարքված գործերը պիտի քանդվեն նոր Հայաստանում, բացառվում է, որ նոր գործեր սարքվեն պաշտոնյաների գլխին»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին:
Նա նշեց, որ եթե Դավիթ Սանասարյանը պնդում է, որ շինծու գործ է, ապա պետք է սպասենք մինչև ապացուցվի. «Նախկին գործող համակարգն այնպիսին էր, որ առանց կոռուպցիայի և կաշառակերության շարժ չէր արվում: Բնական է, որ այդ մնացորդները դեռ կան, և դա պետք է հարթվի»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, կարծես թե, ակտիվանում են, արդյո՞ք դա նրամց հմարավորություն կտա թարմ ուժելով և ասելիքներով վերադառնալ, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտամ փակել էջը և գնալ պատմության գիրկը՝ իր առաքելություններով, սխալներով, կոռուպցիայով, կաշառակերություններով և ամեն ինչով հանդերձ: ՀՀԿ-ն հետ գա, որ ի՞նչ անի, ժողովրդի արյունը խմի՞ արդեն: Իրենց իրավունքն է, բնական է, որ կըմբոստանան»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Խոսելով քաղաքացու օրվա համար ծախսվելիք 124 միլիոն դրամից, Սասուն Միքայելյանն ասաց, որ իրականության մեջ իրավիճակ է փոխվել, և դա արել է ժողովուրդը, ինչի համար էլ պետք է տոնի. «Ես տեղյակ չեմ, թե ինչքան գումար է հատկացվել, բայց եթե հատկացվել է, թող նշեն, ուրախանան մարդիկ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե արդյոք տնակում առնետների մեջ ապրող քաղաքացին դուրս կգա այդ օրը նշելու, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իհարկե, որովհետև այս իշխանափոխությունն ինքն է արել: Հենց նման կարգի մարդիկ են ավելի մեծ դերակատարում ունեցել հեղափոխության մեջ: Մի քիչ նորմալ ապրող, իշխանություններին մոտ կանգնած մարդիկ դուրս չէին գա երբեք, այդ մարդիկ հիմնականում դուրս եկան և իրենցն է այս հաղթանակը»,-ասաց Սասուն Միքայելյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք նոր իշխանությունները արդարացնո՞ւմ են այդ մարդկանց հույսերը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես հիմա օրինակ բերեմ. տեսեք, եթե մարդիկ տարիներ շարունակ հատուկ տեխնիկաներով փոս են փորել, ապա մենք պիտի բահով փորձենք լցնել այդ փոսը: Այդ ամենի համար ժամանակ է պետք, ես համբերության կոչ եմ անում ժողովրդին»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը: