երջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալ»-ից հնարավոր հեռանալու մասին: Երեկ արդեն Football London պարբերականը կազմել էր այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել լոնդոնյան ակումբը: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը տաղանդն ի ցույց դրել է մրցաշրջանի սկզբում, սակայն կայուն խաղ չի ցուցադրում: ««Արսենալ»-ը կմտածի Մխիթարյանից բաժանվելու մասին, եթե լուրջ առաջարկ ստանա: Հայ կիսապաշտպանը երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է «զինագործների» կազմում»,- գրել էր բրիտանական պարբերականը:
Ավելի վաղ բրիտանական մեկ այլ պարբերական՝ Mirror-ը, նշել էր, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում լոնդոնյան կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալ»-ում շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը՝ 350 հազար ֆունտ: Իսպանացի մասնագետի կարծիքով՝ այդ գումարներով «Արսենալ»-ը կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները:
Mirror-ը նույնիսկ նշել էր այն թիմերի անունները, որոնցից մեկում Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան: Այդ ակումբների շարքում են «Էվերթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»: Ըստ Mirror-ի՝ հայ կիսապաշտպանը կարող է հայտնվել նաև չինական, ճապոնական կամ թուրքական որևիցե թիմում: Բրիտանական պարբերականի պնդմամբ՝ «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն» այն թիմերն են, որոնք կարող են իրենց թույլ տալ Մխիթարյանին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա հիմա ստանում է:
Տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստներից հրաժարվելու վերաբերյալ լոնդոնյան ակումբը դեռևս որևէ հայտարարություն չի արել: Միակ խաղացողը, որը ամռանը լքելու է «Արսենալ»-ը, Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին է: Վերջինս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր էր կնքել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Այժմ փորձենք հասկանալ, թե որ դեպքում «Արսենալ»-ի ղեկավարությունը իսկապես կդիմի կրճատումների՝ հրաժարվելով մի քանի առաջատար ֆուտբոլիստներից: Այսօր Էմերիի թիմը ակտիվ պայքար է մղում երկու մրցաշարերում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Թիմի առաջ խնդիր է դրված գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Դա ոչ միայն կմեծացնի թիմի հեղինակությունը, այլև ֆինանսական վիճակի բարելավման լուրջ աղբյուր կհանդիսանա: Պրեմիեր լիգայում այս պահին «Արսենալ»-ը 4-րդ հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում լավագույն քառյակում տեղ գտած ակումբներն իրավունք են ստանում անիջապես խաղալու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում: Եվրոպա լիգայի խաղարկությունում անգլիական ակումբը կիսաեզրափակչում է և եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է կարգով ավելի ցածր իսպանական «Վալենսիայի» հետ: Նշենք նաև, որ Եվրոպա լիգայի խաղարկության հաղթողը ևս հնարավորություն է տալիս գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ելույթ ունենալու:
«Արսենալ»-ի համար խնդիրը լուծելու լավագույն տարբերակը, կարծում ենք, Եվրոպա լիգայի գավաթը նվաճելն է, որը, բացի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու հնարավորությունից, կպարգևի նաև տիտղոս: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ նպատակին հասնելու դեպքում «Արսենալ»-ի ղեկավարության կողմից ուղղակի տրամաբանական չի լինի առաջատար ֆուտբոլիստներից հրաժարվելը: Թե՛ Օզիլը և թե՛ Մխիթարյանն այսօր «Արսենալ»-ի առանցքային խաղացողներից են: Չեմպիոնների լիգայի խաղարկությանն ընդառաջ բավական դժվար կլինի գտնել նրանց արժանի փոխարինողներ:
Ինչ վերաբերում է համալրումներին, ապա Ռեմսիի հեռանալու և Չեմպիոնների լիգայում հայտնվելու պարագայում դա իրատեսական է, բայց ոչ առաջատար ֆուտբոլիստներից հրաժարվելու գնով: Բրիտանական լրատվամիջոցները, ինչպես նաև պարբերականները Մխիթարյանի՝ ամռանը հեռանալու հավանականությունը կապում են «Արսենալ»-ի ոչ այնքան կայուն ելույթներով: Ավելի ստույգ՝ շատերը չեն հավատում, որ Էմերիի թիմին կհաջողվի տեղ գտնել լավագույն քառյակում կամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:
Բնական է, որ խնդիրը չլուծելը ակումբի ղեկավարության կողմից կդիտվի որպես ձախողում: Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ «Արսենալ»-ի ղեկավարությունը իսկապես փոխի քաղաքականությունը: Ձախողման դեպքում, որը կնվազեցնի նաև ֆինանսական հոսքերը, «Արսենալ»-ի ղեկավարները կարող են գնալ կրճատումների և թիմը համալրել երիտասարդ կադրերով: Չի բացառվում, որ նպատակին չհասնելու դեպքում օրակարգային դառնա ոչ միայն Մխիթարյանի և Օզիլի, այլև գլխավոր մարզիչ Էմերիի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը:
Կարելի է ասել, որ թե՛ Մխիթարյանի և թե՛ մյուս առանցքային ֆիգուրների համար առաջնային է արդյունքը: Հուսանք, որ «Արսենալ»-ին կհաջողվի լուծել խնդիրը: Դրա համար, կարծում ենք, կան ռեսուրսներ և նախադրյալներ: