«Կարծում եմ, որ 21-րդ դարում մի քանի լեզու իմանալը պետք է՝ տարբեր մարդկանց հետ շփման համար: Ասում են, որ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Մի քանի լեզու իմանալը առավելություն է կյանքը դասավորելու համար»- ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը` նշելով, որ համամիտ է վարչապետի այն հայտարարությանը, որ երիտասարդները աշխատանք փնտրելիս, նախ պիտի տիրապետեն մի քանի օտար լեզուների:
Սերգեյ Մովսիսյանի խոսքով, ինքը տիրապետում է երկու օտար լեզվի` ռուսերեն, անգլերեն և պարապում է նաև ֆրանսերեն. «Պարտադիրը մի քիչ կոպիտ է հնչում, իհարկե, ոչ ոք չի կարող պարտադրել մարդու մի քանի լեզվի տիրապետել, բայց դե ցանկալի է: Այսօր բոլոր ոլորտներում խնդիր կլինի շփման, հարաբերությունների ձևավորման, եթե օտար լեզուների չես տիրապետում: Նույնիսկ, եթե դիմեն թարգմանիչների օգնությանը, միևնույնն է, այն արդյունավետությունը չի ունենա, որը կլիներ քո իմացության դեպքում»- ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյոք բոլո՞ր մասնագիտությունների տեր մարդկանց, իրենց ոլորտում աշխատանք գտնելու համար պարտադիր է տիրապել մի քանի լեզվի, չէ՞ որ կան մասնագիտություններ, որոնց համար մի քանի օտար լեզու պետք չէ, պատգամավոր արձագանքեց. «Չէ՝ դե, պարտադիր չի: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, ամեն դեպքում, բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար: Հիմա, օրինակ` ՏՏ ոլորտում բազմաթիվ տեղեր կան, որոնք համալրելու համար պետք է օտար լեզուների իմացություն: Եթե, օրինակ, մարդը լավ տիրապետի ՏՏ ոլորտին, բայց ձգտի ոլորտում իր աստիճանից բարձրանալ, այդ ժամանակ մի քանի օտար լեզվի իմացության անհրաժեշտությունն է դառնում»- ասաց Սերգեյ Մովսիսյանը` ընդգծելով, որ վարչապետի հայտարարությունը մի քանի լեզվի տիրապետելու վերաբերյալ, ընդունեն որպես ոչ թե պարտադրանք, այլ խրախուսանք: