Այսօր համացանցում տարածվել է` Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի հանդիսավոր միջոցառումներից մի լուսանկար, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԵՄ երկրների ղեկավարներն են, սակայն միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքը չի երևում, ինչը ընդդիմախոսների կողմից դարձել է ծաղրի առարկա:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լուսանկարը որակեց` պարզապես չհաջողված` պատասխանելով հարցին, թե արդյոք դա անարգանք չէ՞ Հայաստանի Հանրապետության և ղեկավարի նկատմամբ նաև այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը առաջին շարքում է. «Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ չհաջողված լուսանկար է: Իմ կարծիքով, այն անձը` Պորոշենկոն, ով հայտնվել է առաջին շարքում և ստվերել Նիկոլ Փաշինյանին, իրականում շատ ավելի վատ իրավիճակում է, որովհետև վերջերս պարտվեց ընտրություններում և վաղ, թե ուշ լքելու է իր քաղաքական պաշտոնը: Այդուհանդերձ, ես որևէ միտում չեմ տեսնում դրանում, պարզապես կարող եմ շեշտել հետևյալը, որ մենք գործ ունենք ոչ արհեստավարժ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ, որը անհաջող լուսանկար է արել: Այստեղ իսկապես միտում չեմ տեսնում, որովհետև, եթե փորձենք միտում տեսնել, ապա ցանկացած պահի, ցանկացած մարդու դեմքի արտահայտության մեջ էլ կարող ենք տեսնել միտում: Այդպիսով, կասկածի տակ կարող ենք դնել ամեն ինչ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը առաջին շարքում է և լուսանկարում միայն ՀՀ վարչապետի դեմքը չի երևում, պատգամավորը ասաց. «Տեսեք, 1815թ. Վիեննայի կոնգրեսում, երբ սահմանվեց դիվանագիտական արարողակարգը, մենք գործ ունեինք բացարձակ միապետական պետությունների համակարգի հետ: Կար ժամանակ, երբ չափազանց կարևոր էր, թե որտեղ է կանգնած, ով ինչ դերակատարում ունի, ում անունը` ումից հետո պիտի հնչի և այլն: Եկեք նկատենք, որ կարծեք թե 21-րդ դարում, երբ մենք խոսում ենք հավասարության մակարդակի մասին, նման հնացած հարցերի հետևից ընկնելը զավեշտալի է: Ավելի կարևոր հանգամանք է, ոչ թե` ով որտեղ է կանգնած, այլ ով է հրավիրված նշված միջոցառմանը: Իսկ հավասարության դիվանագիտությամբ հրավիրվել են նրանք, որոնց դրոշները ծածանվել են այդ միջոցառման շենքի առջև: Եթե ուշադրություն դարձնենք դրոշներին, կտեսնենք, որ դրոշները նույն մակարդակի վրա են»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե չհաջողված լուսանկարը պաշտոնական էջում թողարկելու համար, հարկ չի՞ համարում դիմել ԵՄ-ի մամուլի ծառայությանը, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե արդյոք դիվանագիտական ուղիներում որոշակի դիրքորոշում հայտնել են, թե ոչ` այդ հարցի վերաբերյալ, բայց ասեմ, որ շատ դեպքերում նման միջադեպերը տեղի են ունենում զուտ տեխնիկական պատճառներով: Կներկայացվի բողոք, թե չի ներկայացվի չեմ կարող ասել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ չէ՞ որ հեղափոխության օրերին միջազգային մամուլը կենտրոնացված էր Հայաստանի ուղղությամբ, հայտարարություններ էին լինում, որոնցում նշվում էր, թե հեղափոխությունն առանձնահատուկ ազդեցություն է ունենում Հայաստանի նկատմամբ, բայց այսօր հենց ԵՄ-ի միջոցառումներից մեկի լուսանկարում «ծաղրվում է» ՀՀ վարչապետ Փաշինյանը, պատգամավորն արձագանքեց. «Եթե մենք փորձում ենք որոնել վերաբերմունքի փոփոխություն` կգտնենք: Վերաբերմունքի փոփոխությունը մեկ լուսանկարի արդյունքում չի կարող տեղի ունենալ: Եթե վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորենք մեկ լուսանկարով, ապա մենք որևէ տեղեկություն չունենք, թե ինչ է պատճառահետևանքային կապը, որովհետև այս միջադեպը դա չի վկայում: Եթե սա լիներ 19-րդ դարում, ես գուցեև համաձայնեի, որովհետև այդ ժամանակվա դիվանագիտական արարողակարգում չափազանց կարևոր էր, թե ով՝ ուր է կանգնում կամ ինչպես է կանգնում: Այսօր և այս պարագայում, նման մեկնաբանությունները տեղ չպիտի գտնեն մամուլում: Այս լուսանկարը վկայում է վատ լուսանկարչի վատ աշխատանքի մասին»,- եզրափակեց պատգամավորը: