Ինչպես հայտնի է՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ է նախաձեռնել:
3 օրերի ընթացքում տարբեր միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ հանդիպումներ Արցախի վարչական շրջանների կենտրոններում:
Ըստ կազմակերպիչների՝ ավտոերթի նպատակն է ցույց տալ, որ մեր ժողովուրդները միասնական են, Արցախը ճանաչում են որպես ՀՀ մարզ, և խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու «դավաճանական ընթացքը»։
Արցախի իշխանության վերաբերմունքի և միջոցառումների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, ով իր խոսքում նշեց, որ եթե օրենքի խախտում չլինի, որևէ խնդիր չի կարող լինել։
«Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է՝ կապ չունի, թե ինչ քաղաքական ուժ կամ անհատ է կազմակերպիչը։ Օրենքի խախտումը տարբեր ձևերով կարող է արտահայտվել։ Սկսած ճանապարհատրանսպորտային օրենքների խախտումից։ Ես չեմ ասում, որ խախտումներ լինելու են։ Բոլորն էլ ազատ են, եթե համապատասխան ձևով տեղեկացնում են իշխանություններին և համապատասխան մարմիններին, ապա որևէ խնդիր չի կարող լինել։ Ակցիաներ կազմակերպելու համար էլ կա օրենքով հաստատված կանոնակարգ, որը պահպանելու դեպքում՝ խնդիրներ չեն առաջանա»։
Անդրադառնալով 2016 թվականին «Սասնա Ծռեր»-ի կողմից կատարված ավտոերթին, որն ավարտվեց բախումներով, Բաբայանը նշեց, որ չի ցանկանում կրկին բացել այդ փակված էջը, քանի որ թեմայի շուրջ քննարկումներ շատ են եղել։
«Ես որևէ անձնական մեկնաբանություն չունեմ, ինձ համար կարևորը օրենքի պաշտպանությունն է։ Տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մարդիկ ունեն տարբեր պատկերացումներ այս կամ այն հարցի շուրջ, և դա բնական է։ Ուրիշ հարց է, որ այդ ամենն արվի քաղաքակիրթ ձևով։ Հիմա ընտրություններ են և կարող են քաղաքակիրթ ձևով ներկայանալ, որևէ պարտադրանք չկա ոչ մեկի հանդեպ։ Իրենք կարող են ներկայացնել իրենց տեսակետները, իսկ ժողովուրդը կներկայացնի իր արձագանքը»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք Արցախի իշխանությունները պատրաստ են աջակցել «Սասնա Ծռեր»-ին, Բաբայանը պատասխանեց, որ եթե նրանք դիմեն պետական կառույցների՝ անհրաժեշտության դեպքում, հնարավոր է՝ ստանան օգնություն։
«Բոլոր քաղաքական ուժերի, մարդկանց կարծիքը կարևոր է։ Մենք չունենք յուրայիններ կամ թշնամիներ․ բոլորը հավասար են։ Ով ուզում է լինի՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ կամ ուղղակի մարդ, ոչ ոք չի կարող պարտադրել կամ խոչընդոտել։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքով»,- եզրափակեց Բաբայանը։