ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և շինությունները գրաված, այսօր առավոտյան ոստիկաններից չորսին դեռ պատանդ պահող զինված խմբի անդամների հետ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և այլոց վարած բանակցությունների արդյունքում, ինչպես արդեն հայտնի է, պատանդ վերցված բոլոր ոստիկանները ժամեր առաջ արդեն ազատ են արձակվել: Նրանց թվում նաև' ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:

 

Հիմա շատ մարդիկ են մտածում, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները Վիտալի Բալասանյանի միջնորդության և այլոց հորդորների արդյունքում իրենց մոտ պահվող վերջին ոստիկաններին ազատ արձակելով, հիմարություն գործեցին և իրենց թողեցին անպաշտպան, խոցելի վիճակում: Մտածում են, որ միակ լուրջ բանը, որն իշխանություններին զսպում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ գրոհ ձեռնարկել, դա հենց այդ ոստիկանների, նրանցից հատկապես հիշյալ բարձրաստիճան սպաների' պատանդի վիճակում գտնվելու հանգամանքն էր, հետևաբար, քանի որ հիմա այդ խանգարող հանգամանքը չկա, իրավապահները զինված խմբի չհանձնվելու դեպքում նրանց նկատմամբ, ի վերջո, գրոհ են ձեռնարկելու' փոխհրաձգությունից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով հանդերձ:
Սակայն, եկեք մի փոքր ավելի խորը նայենք ու հասկանանք' «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վերջին պատանդներին ազատ արձակելու իրենց քայլով իրականում խոցելի դարձա՞ն, թե իրենց դիրքերն ավելի ամրապնդեցին' վերջնականապես ապացուցելով, որ իրենք ահաբեկիչ չեն, ահաբեկիչները պարզապես չեն կարող այդպես վարվել: Կարծում եմ, նրանք իրենց այդ գուցե և նախապես հաշվարկված, բայց մեծահոգի քայլով, մարդասիրությամբ, մարդկային վերաբերմունքով շահեցին հասարակության ավելի մեծ մասի համակրանքն ու պաշտպանությունը, քան ունեին մինչ այդ:

 

Ավելին. պատանդներով պաշտպանությունը նրանք փոխարինեցին իրենցից ոչ հեռու հավաքվող ցուցարարների շարքերն ավելացնելով իրականացվելիք պաշտպանությամբ, իսկ ցուցարարների թվաքանակն ավելացնելու համար բանակցություններում ձեռք բերեցին դրա համար ամենակարևոր միջոցը' ՊՊԾ գնդի տարածք լրագրողների մուտքի և նրանց հետ շփվելու պայմանավորվածություն, մամուլի ասուլիսներով հանդես գալու հնարավորություն, նույնիսկ խոսք է գնում չեզոք տարածքում շուրջօրյա մամուլի ծառայություն կամ կենտրոն ստեղծելու պայմանավորվածության մասին (այդ մասին հենց Վիտալի Բալասանյանն է հայտնել): Գրեթե կասկած չունեմ, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մամուլի ասուլիսները, ԶԼՄ-ների միջոցով հասարակությանն ուղղված նրանց խոսքն ու հայտարարությունները Էրեբունիում և այլուր ի պաշտպանություն իրենց և իշխանությունների դեմ բողոքով հավաքվող մարդկանց թվաքանակն ավելացնելու են, իսկ դա մարդկանց որոշակի քանակից հետո շատ ավելի զորեղ պաշտպանություն կարող է լինել զինված խմբի համար, քան այն չորս պատանդների առկայությունը, որոնց այսօր ազատ արձակեցին:

 

Տարբեր ԶԼՄ-ների միջոցով հասարակությանը դիմելու հնարավորություն ձեռք բերելը (եթե հաշվի առնենք նաև համացանցային հեռուստատեսության և սոցիալական տարբեր ցանցերի առկայությունն ու հնարավորությունները) գրեթե նույնն է, ինչ հեռուստաաշտարակը գրավելը և հեռուստատեսությամբ հանդես գալը: Ընդամենը երկու տարբերություն կա. մեկը' այն, որ ներսում ինտերնետային կապ չի լինելու և լրատվամիջոցներն ուղիղ եթեր չեն կարողանալու ապահովել, սակայն նրանք ասուլիսի նյութը կկարողանան հեռարձակել ՊՊԾ գնդի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո, ընդամենը մի քանի րոպե անց:

 

Երկրորդ տարբերությունն այն է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ԶԼՄ-ների միջոցով բռնության, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր չեն կարող անել, քանի որ ԶԼՄ-ները դրանք պարզապես չեն հրապարակի, որոշներն էլ հավանաբար ուզենային հրապարակել, բայց չեն կարող (արգելված է օրենքով): Սակայն այն, ինչ կասեն նրանք, հավանաբար բավական կլինի շատ մարդկանց ոտքի հանելու համար, եթե, իհարկե, դրսում ցույցերը քաղաքական ու քաղաքացիական ուժերի կողմից գրագետ կերպով ղեկավարվեն:

 

Արթուր Հովհաննիսյան