Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որոշել է ինքնաբացարկ ներկայացնել եւ չմասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրությանը։ Այս մասին ան հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
Հրաչյա Հակոբյանը նշեց, որ մինչեւ վերջնաժամկետը չի կողմնորոշվել՝ ուզում է մասնակցել ընտրությանը, թե ոչ, ուստի որոշել է լրացնել դիմումը եւ հետո միայն վերջնական որոշում կայացնել։ «Ուզում եմ պարզապես կենտրոնանալ պատգամավորական գործունեության վրա, դա է եղել պատճառը»,–հավաստիացրեց նա։
Դիտարկմանը, որ մրցակցությունը շատ մեծ է, ինքը հնարավոր համարո՞ւմ էր, որ չընտրվեր վարչության անդամ եւ դա ինքնաբացարկի գործում դերակատարություն ունեցե՞լ է, նա նշեց, որ ինչ–որ չափով վստահություն ուներ, որ կընտրվի. «Ես ինչ–որ չափով վստահություն ունեի, որ կընտրվեմ, եւ հենց դա էր պատճառներից մեկը, որ ուզում էի հասկանալ՝ արդյոք ուզում եմ այդ երեք տարին զբաղվել ներկուսակցական աշխատանքներով։ Հասկացա, որ միգուցե չարժի, որովհետեւ հավանականությունը մեծ է, որ կընտրվեմ»;
Հարցին՝ քննարկե՞լ է վարչության անդամների հետ՝ ծա՞նր է ներկուսակցական աշխատանքը, նա նշեց, որ չի քննարկել. «Բայց ես ինքս կարծում եմ, որ ծանր աշխատանք է։ Հնարավոր չի լինել վարչության անդամ եւ մատների արանքով նայել աշխատանքին»։
ՀԻշեցնենք, որ ՔՊ վարչության անդամի ընտրություններում ինքնաառաջադրվել են 65 թեկնածու, իսկ վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 թեկնածու է առաջադրվել: