Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվական ծառայությունից։
Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:
Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:
Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25:
Արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի չվացուցակները մնում են անփոփոխ: