ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ամրապնդման ուղղությամբ:
Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անցկացումը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով տեղի ունեցող պարբերական հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու գործընկերային օրակարգի ընդլայնման ուղղությամբ քայլերը:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։