SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

 

Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից: Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և հնարավոր է, որ նա հանկարծամահ է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com