Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը: Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ նպատակը մեկն է՝ ավելի լավ երկիր կառուցելը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ փաստել է, որ կան բոլոր նախապայմանները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առկա գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:
Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը միտված բոլոր ջանքերը ողջունելի և առաջնային են Կառավարության համար: «Հաշվի առնելով մեր երկրի պատմությունը, մեր սփյուռքը, մեր ժողովրդի ցանկությունները, իրոք, այլընտրանք չկա, քան ունենալ ժողովրդավարական հասարակություն և կյանքի կանոնների բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հենք»,-ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, խոսելով Կառավարության գերակայությունների մասին, նշել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում մարդու իրավունքներն ու արդարադատությունը առաջնային են Կառավարության համար:
Ալեքսանդր Սոկոլովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ժամանել է Հայաստան հարաբերությունները խորացնելու նպատակով և ԱՄն ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը և թե՛ բոլոր այն օղակներին, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի կառավարության ամուր գործակցության իր հանձնառությանը: Մենք հավատում և կիսում ենք բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականը և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ձեր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին», - նշել է նա:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կապիտալի և մտավոր սեփականության պաշտպանության կարևորության շուրջ, ինչպես նաև անդրադարձել գրավիչ բիզնես միջավայրի և ճիշտ բիզնես կանոնների ձևավորման համար անհրաժեշտ նախապայմաններին: Փոխվարչապետն այս տեսանկյունից կարևորել է ինստիտուտցիոնալ և ճիշտ բիզնես մշակույթ ստեղծող ներդրողների մուտքը հայկական շուկա:
Ալեքսանդր Սոկոլովսկին կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան ընդգծել է նաև, որ ոգևորված է հեռանում Հայաստանից՝ համագործակցության հետագա զարգացման ակնկալիքով:
Հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան Առավել մասնակցային, հաշվետու և արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: