ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ մայիսի 13-ին, Բրյուսելում մասնակցում է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Բրյուսել ժամանող Արեւելյան գործընկերության ծրագրի պետությունների ղեկավարներին դիմավորեց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Միջոցառմանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մանակցում միջոցառմանը, քանի որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս չի մանսակցի միջոցառմանը։
Դոնալդ Տուսկի անունից Արեւելյան գործընկերության տասնամյակի առթիվ կտրվի պաշտոնական ընթրիք։ Ողջույնի խոսքով հանդես կգան Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք կուղղեն Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը եւ Ուկրաինան։ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ: