Վաղը Կոնսերվատորիայում ռեկտորի ընտրություններ են տեղի ունենալու: Կառավարման խորհուրդն ընտրելու է նոր ռեկտոր: Ամիսներ շարունակ ռեկտորի պաշտոնակատար է «Հովեր» երգչախմբի նախկին ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, ով դեռևս Սերժ Սարգսյանի կառավարության օրոք արվեստի վաստակավոր գործչի կոչում է ստացել և տարիներ շարունակ պետբյուջեից 35մլն դրամ գումար է ստացել իր երգչախմբի համար:
Կոնսերվատորիայից ArmDaily.am-ին հայտնում են, որ մինչ օրս էլ իրենց համար անհայտ է, թե ինչպես է Սոնա Հովհաննիսյանը դարձել Արայիկ Հարությունյանի «մարդը»: Այժմ ռեկտորի երկու թեկնածու կա. մեկը նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանն է, մյուսը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը:
Կոնսերվատորիայում լուրեր են տարածվել, որ կառավարությունը և հատկապես ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շահագրգիռ է, որ ռեկտոր դառնա Սոնա Հովհաննիսյանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն Կոնսերվատորիայի կառավարման խորհրդի ուսանող անդամներին օրեր առաջ իր մոտ է կանչել Սոնա Հովհաննիսյանը՝ հորդորելով հետին թվով դիմումներ գրել և հրաժարվել խորհրդի անդամությունից: Այդպես նա ցանկացել է խորհրդի անդամ ուսանողներին փոխարինել իր ուզած ուսանողներով, որպեսզի ընտրությունները հարթ անցնեն և ինքն ընտրվի Կոնսերվատորիայի ռեկտոր: Խորհրդի անդամների հետ նաև առանձին զրույցներ են տարվում՝ ռեկտորի ընտրություններն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով:
Նշենք, որ կառավարման խորհուրդը 24 հոգուց է բաղկացած և նրանցից 13-ը եթե միաձայն ընտրեն թեկնածուներից որևէ մեկին, նա էլ կդառնա ռեկտոր: