Ռուսաստանից Գերմանիա գազատարի շինարարության մեջ ներգրավված եվրոպական նավերի հանդեպ կարող են ամերիկյան պատժամաիջոցներ սահմանվել, եթե ընդունվի նոր երկկուսակցական օրինագիծը, որը քվեարկության կդրվի Սենատում՝ հայտնում է Foreign Policy-ն։

Օրինագիծը, որը նախաձեռնել են հանրապետական սենատոր Թեդ Քրուզը եւ նրա գործընկեր Ջին Շահինը, առաջարկում է պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են ռուսական էներգետիկ նախագծերի համար խորջրյա խողովակաշարերի տեղադրմանը։

Նախաձեռնությունն ուղղված է «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, որը լուրջ լարվածության աղբյուր է դարձել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ։

Այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վիճաբանում է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ՝ կապված Ռուսաստանի հանդեպ նրա քաղաքականության հետ, Վաշինգտոնում ձեւավորվել է «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված լայն երկկուսակցական ընդդիմություն։

Գազատարի կողմնակիցները, սակայն, կարծում են, որ այն թույլ կտա ավելի հուսալի երթուղով, քան այժմ Ուկրաինայով անցնող խողովակաշարն է, կատարել էժան ռուսական գազի մատակարարումները Եվրոպա։

Օրինագիծը ուղղված է նավերի դեմ, որոնք օգտագործվում են խորջրյա խողովակաշարերի տեղադրման համար։ Այդ գործընթացը ներառում է տեխնոլոգիական նորույթների օգտագործում, որ ունեն արեւմտյան երկրները, սակայն չունի Ռուսաստանը։

Հանրապետականների բարձրաստիճան օգնականը, որը ծանոթ է օրինագծի բովանդակությանը, Foreign Policy-ին հայտնել է, որ փաստաթղթի մի քանի բաժիններ կազմելիս դարձյալ բարձրացվել է իրանական նավթի արտահանման դեմ ուղղված հարցեր։

Վարչակազմի ներկայացուցիչները արդեն մի քանի ամիս է նախազգուշացնում են նախագծի հետագա իրականացման դեպքում պատժամիջոցների սահմանման մասին։