Կառավարությունում ամփոփել են, թե ինչ ներդրումներ են արել հարկային ու մաքսային արտոնություններ ստացած ընկերությունները։Պատկերը հետևալն է՝ 2018թ.–ի երկրորդ կիսամյակից հետո հաստատվել է 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով։ Դրանցից այս պահին ավարտված է 7–ը՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 432 ստեղծված աշխատատեղերով: Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը, որը գործում է 2009 թվականից, առ այսօր տրամադրվել է 121 ներդրումային ծրագրի` 750 մլրդ ՀՀ դրամ նախատեսված ներդրումների ծավալով և 9782 աշխատատեղերով: 2018 թ.–ին այդ ծրագրերով ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայտարարել էր, որ «վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է»: Իսկ ապրիլի 17-ին ֆեյսբուքում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ «գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է»: Այստեղ արդեն Փաշինյանը չի խոսում ստեղծված աշխատատեղերի մասին, այլ բավարարվում է ստվերից դուրս բերված աշխատատեղերով։ Աշխատատեղերի ավելացումը վերագրելով հեղափոխությանը` վարչապետը մոռանում է, որ անցած տարվա հունվարին Հայաստանում նույնիսկ հեղափոխության նշույլը չկար։ Ուստի տեղին չէ հունվարից մինչև մայիս գրանցված նոր աշխատատեղերը, որոնք շատ ավելին են, քան իշխանափոխությունից հետո ավելացածները, վերագրել հեղափոխությանը, առավել ևս՝ դա համարել հեղափոխության հաջողությունը։
 
Մարտին ևս, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր տվել հեղափոխության մեկնարկը, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 11 հազարով։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց հեղափոխության բուռն ժամանակահատվածում, մասնավորապես՝ ապրիլին, երբ իշխանության ղեկին դեռևս Հանրապետական կուսակցության ձևավորված կառավարությունն էր, աշխատատեղերն ավելացել են ևս 15 հազարով։ 2018թ. ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 538 հազար աշխատող։ Այս թվերն իրար գումարելով՝ կստանանք, որ մինչ իշխանափոխություն, այսինքն` հունվարից ապրիլ, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 28 հազարով։ Սա մտնում է այն 50 հազար գրանցված աշխատատեղերի մեջ, որի մասին խոսում է վարչապետը։
 
Ինչպես երևում է արտոնություններ ստացած ընկերությունները բոլորը միասին հաջողացրել են ստեղծել ընդամենը 10-12 հազար աշխատատեդ՝ դա էլ դեռ լավագուն դեպքում: Եվ հենց այդ թիվն էլ կարելի է համարել Փաշինյանի անիջական ձեռքբերում, սակայն այդ ձեռքբերումը դադարում է ձեռքբերում համարվել, եթե դիտարկում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստեղծված աշխատատեղերի թվի հետ: Իշխանափոխությունից հետո իրական աշխատատեղերի ավելացման առումով տեղաշարժեր գրեթե նկատելի չեն։