Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունիցհետո, թե առավոտյան ժամը 8։30-ից պետք է փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, նրա թիմակիցները մեկը մյուսի հետևից սկսեցին հանդես գալ գրառումներով ու կոչերով՝ մարդկանց առաջարկելով միանալ իրենց և միասին անցում կատարել հեղափոխության 2-րդ փուլին։
Նմանատիպ կոչով հանդես էր եկել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ առաջարկելով դասադուլ անել․ «Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։
ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։
Սակայն, նկատենք, որ քննադատությունների տարափից հետո վերջինս որոշել էր ջնջել գրառումը՝ այս անգամ գրելով, որ ԲՈՒՀ-երն ապաքաղաքական մարմին են և ակցիային մասնակցելն ու չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը պարզաբանեց, որ սկզբում կատարած գրառումը սխալ է հասկացվել, դրա համար ջնջել և նորն է գրել․ «Շահարկում գնաց և դա կապվեց քաղաքական ուժի հետ, բայց ասեմ, որ դա իմ անձնական կարծիքն է եղել։ Սա ոչ թե ընդհանուր կրթական համակարգին էր ուղղված, այլ ՀՊՏՀ իմ ուսանողներին, քանի որ չէի գնալու դասերին, դիմել էի իրենց։ Սակայն ցանկացած ոք ինքն է որոշում՝ մասնակցե՞լ դասադուլներին, թե՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, մոտեցումս հետևյալն է՝ մարդիկ ազատ են, ինչ ուզեն կարող են անել»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ դասադուլի կոչը չի՞ ենթադրում դրդել ուսանողներին միջամտել քաղաքական գործընթացներին և ԲՈՒՀ-երին հրահրել զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորը պատասխանեց․ «Քանի որ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, ես իմ հաջորդ պարզաբանմամբ նշեցի, որ այն, ինչը ասում եք՝ դա նկատի չունեմ և կարծում եմ՝ այո՛, կրթական համակարգը և դրա ներկայացուցիչները կարող են իրենք իրենց որոշմամբ մաս կազմել քաղաքական գործունեության կամ չկազմել։ Տարընթերցման տեղիք էր տվել, դրա համար նախորդ գրառումս ջնջեցի և նորը գրեցի՝ հայտնելով այդ հարցի շուրջ գլոբալ մոտեցում։ Երկրորդ ձևակերպումն իմ մոտեցումն է այդ հարցի շուրջ»,- ինքն իրեն հակասելով, ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ այս պահին գտնվում է Շենգավիթի դատարանում և որևէ միջադեպ չի գրանցվել․ «Մենք եկել ենք երկխոսության դատական համակարգի հետ, քանի որ չենք վստահում այն արդարադատության համակարգին, որը կա Հայաստանում»։
Պապոյանը համաձայն չէ տեսակետներին, թե վարչապետի հայտարարությունը սահմանադրական կարգի տապալում է․ «Մարդիկ խմբերով հավաքված զրուցում են տարբեր թեմաներից, ամեն ինչ խաղաղ է։ Դեպքեր են եղել, երբ ուզել են մտնել կամ դուրս գալ դատարանից, մարդիկ թողել են։ Չեմ հանդիպել մի դեպք, երբ մեկը գա, ուզենա ներս մտնել՝ չթողնեն»,- նշեց նա։
Դիտարմանը, թե այդ դեպքում՝ ինչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, որ պետք է փակել դատարանների մուտքերն ու ելքերը, Պապոյանը նշեց․ «Այս ամենը կապ չունի նրա հետ, ինչը դուք նշեցիք։ Փակել բառի բացատրությունը հետևյալն է՝ երկխոսության մեջ մտնել դատական համակարգի ներկայացուցիչների հետ և ցույց տալ, որ ժողովուրդը չի վստահում իրենց։ Սա ոչ թե բռնի ուժով, այլ խաղաղ ինչ-որ բան ապացուցել է»,- նշեց իմքայլական պատգամավորը։
Հ․Գ․ Մնում է միայն նոր իշխանության ներկայացուցիչներին հիշեցնել՝ մենք ուշիուշով հետևում ենք ձեզ։ Ուստի, որևէ քայլ անելուց առաջ հարկավոր է մտածել նաև պատասխանի մասին։
Սոնա Հարությունյան