«Փյունիկ»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի աշխատանքի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ»-«Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի և, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։
Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության և ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա և դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։
Հատկանշական է, որ մայիսի 18-ին, ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղը սպասարկող գլխավոր մրցավարին նշանակելուց մեկ օր անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի և անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ և խնդրելով փոխարինել նրան։ Գրության պատճենը կցում ենք։ Ցավոք սրտի, ՀՖՖ-ն չի ընդունել այդ խնդրանքը։
Մրցավարական համակարգում վճռական և խորքային փոփոխությունների կարիքը վաղուց է հասունացել և ակնհայտ է բոլորի համար։ Ցավոք սրտի, մինչ օրս այդ ուղղությամբ չեն արվել հստակ և արդյունավետ քայլեր, որի հետևանքները մենք զգում ենք այսօր։
Նման երևույթները անհանդուրժելի են և պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից։ Դրանից տուժում են բոլորը՝ ակումբները, որոնց ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերացվում է մրցավարի անհավանական սխալներով, պատանի ֆուտբոլիստները, որոնք տեսնում են ֆուտբոլի անարդարության ողջ տգեղությունը և մեծ հիասթափություն ապրում, հայկական ֆուտբոլի հեղինակությունը երկրի ներսում և միջազգային ասպարեզում, հայկական ֆուտբոլում ներդում կատարող անձինք, և ամենակարևորը՝ երկրպագուները։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման, հին «կանոններով» աշխատող և իրենց վարկաբեկած մրցավարներից ընդմիշտ ազատման՝ ազնիվ, պրոֆեսիոնալ մրցավարության և բոլոր ակումբների միջև մրցակցության հավասար պայմանների ապահովման նպատակով։
Ընթացող առաջնությունը առանձնանում էր իր դիտարժանությամբ, լարված և հետաքրքիր պայքարով։ Կրկնակի ցավալի է, որ նման առաջնության ելքը կարող է որոշվել ոչ թե խաղադաշտում, ազնիվ պայքարի միջոցով, այլ նմանօրինակ մրցավարության արդյունքում։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր հիանալի երկրպագուներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, տվյալ հարցում միասնականության և աջակցության համար։ Հորդորում ենք չհիասթափվել, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում» ,- ասված է հայտարարությունում։
Մենք վճռական ենք տրամադրված, միասնական ենք, և պայքարելու ենք մինչև վերջ բաղձալի նպատակին հասնելու համար։