Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, ով ոմն Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել:
«Խցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել»,- նշեց Նավիկյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։