Аrmdaily.am -ի տեղեկություններով վաղը Ազատության հրապարակում ՀՅ Դաշնակցության հրավիրած հանրահավաքին ներկա կլինի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկատվությունը ստուգելու համար փորձեցինք կապվել Երկրոդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերի չի պատասխանում։

 

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը նշեց, որ իրենք առանձնահատուկ հրավեր որևէ մեկին չեն ուղարկել։ «էդպես չի որ մենք որևէ մեկին խնդրել ենք, որ ինքը գա ելույթ ունենա։ Մենք հանրայնորեն՝ սոցիալական հարթակներով, լրատվամիջոցներով հրավիրել ենք բոլորին, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, չենք կարող ասել ովքեր կգան հանրահավաքին։ Մարդիկ, ովքեր շահագրգռված են՝ կարող են գալ, բայց ելույթ ունեցողների ցանկում Քոչարյանը, բնականաբար, չի լինելու»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ կուսակցության Գերագույն մարմինն է ընտրել հանրահավաքի տարբերակը։ «Բնականաբար, պայքարի տարբեր ձևեր կան, բայց մտածում ենք, որ այն խնդիրները, որ ծառացած են երկրի առջև այս անգամ պետք է բարձրաձայնել հենց հանրահավաքային ձևաչափով և լսելի դարձնել դրանք գործող իշխանություններին և հանրությանը, որպեսզի կարողանանք խուսափել առկա խնդիրներից և իշխանությունը ավելի պատասխանատու լինի իր առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում»,-ընդգծեց Սարգսյանը։