ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
«Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը եւ նույն գործով վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ նա ազատ էր արձակվել։
Հավելենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: