ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՅԴ-ն չի հանդիպել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

 

«Ես երկար ժամանակ է իրեն չեմ տեսել, չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ իրեն տեսել»,–նշեց նա։

Սահմանադրական կարգի տապալումը մի աբսուրդ գործ է, որի մասին ՀՅԴ-ն վաղուց էր ասոմ. «Սա մի աբսուրդ գործ է, որը տրաքելու է և տրաքում է, որովհետև մենք ասում ենք 10 զոհերի մասին խոսեք։ Իսկ հիմա հանցակազմը չապացուցված՝ հանցավոր են գտնում, դրա համար էլ խափանվելու է»։

Ռուստամյանի խոսքով՝ Քոչարյանի գործը վտանգավոր կարող է լինել. «Եթե երկրում ինչ տեղի է ունենում, մեղավորը երկրի նախագահն է, ապա մարդասպանները կարող են ազատ մարդ սպանել, մեկ է վերջում նախագահն է պատասխանատվություն կրելու: Եվ դուք համարում եք որ սա արդարադատությո՞ւն է։ Մենք նախնադա՞ր ենք գնում։ Դատեք օրինական, եթե մի մեղադրանք եք դնելու, որի տակ եք մնալու, փոխանակ իրական բաների համար դատելու, նրան արդարացնելու եք։ Հիմա սա է տեղի ունենալու։ Դրա համար դատարաններ են արգելափակում, դրանով ջուր են լցնում Ռոբերտ Քոչարյանի ջրաղացը, դուք շանս եք տալիս Ռոբերտ Քոչարյանին, որ գնա ու արդարանա»։