ցեց մի շարք մրցումների և հաղթեց»:

 

Արմենը շատ էր սիրում շախմատ խաղալ, մեծ հաջողություններ ուներ սիրողական մակարդակում։ Բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, մրցանակներ շահել։ Ռուսական «Մեդվեժոնոկ» մրցույթին նույնպես մրցանակ է շահել։ Երկու տարի ուսանող լինելուց հետո Արմենը պարտադիր զինծառայության է մեկնել 2019 թ.-ի հուլիսի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտի զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում, ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն, Արմենին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 2-ում: Տիկին Ելիզավետան ասում է՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Ոգևորված էր, սովոր՝ ամեն ինչ գերազանց անելուն, նույն կերպ նաև ծառայել է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, կապիտան Ժորա Պետրոսյանն իրեն ասել է՝ այլևս չես կարող շարունակել մարտը, պետք է իջնես դիրքերից ու գնաս հոսպիտալ, բայց Արմենը հրաժարվել է. «Ոչ, ամեն ինչ գերազանց է, պարոն հրամանատար»»:

Արմենը 44 օր մասնակցել է ռազմական գործողություններին, կրակել տարբեր զինատեսակներից: Նորոգել է անսարք ՊԿ գնդացիրը, դուրս բերել իր ջոկին շրջափակումից, վիրավոր վիճակում կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերներին և անծանոթ կամավորներին՝ փրկելով նրանց կյանքը, իսկ հետո վերադարձել է դիրքեր։ Նոյեմբերի 9-ին Արմենը վիրավորվում է ականանետի պայթյունից, մի քանի ժամ անց ականանետի հերթական արկի պայթյունից նա զոհվում է: «Շատ մանրամասներ հետո են մեզ պատմել: Գիշերվանից չի հասցրել հանգստանալ: Արմենը բուսոլի մասնագետ էր (հրետանային դիտարկման մասնագիտական սարքեր՝ հեռաչափ և բուսոլ-խմբ.): Արմենը շատ լավ տեսողություն ուներ: Հրամանատարն ասում է, որ նրան մշտապես հորդորում էր ցերեկները քնել, որ գիշերները կարողանա հաշվարկներ կատարել: Այդ գիշերվանից հետո չի հասցրել հանգստանալ, տեսել է, որ մի քանի հոգի գնում են հացի հետևից, բայց չեն կարողանում բերել, ինքն է գնացել: Հրամանատարը պատմում է. «Նոյեմբերի 9-ի առավոտյան լավ չէր զգում իրեն Արմենը, ասացի, որ գնա հոսպիտալ, բայց չլսեց, հետո մի քիչ հեռու էի գնացել, երբ տղաները հաց էին ուտում, չեմ էլ հասկացել, թե ինչու է վեր կացել ու գնացել...»»:

 

Պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեմբերի 7-ը, Արմենը զանգահարել է ընտանիքի անդամներին: «Նոյեմբերի 8-ին շատ անհանգիստ էի: Միշտ անհամբեր սպասում էի իր զանգերին, իսկ Արմենն ինձ ասում էր՝ մա՛մ ջան, կոնկրետ ժամի մի սպասիր իմ զանգին, որովհետև կապերը խափանվում են, կապի հետ միշտ խնդիր կա, կարող է այնպես ստացվել, որ չզանգեմ էլ: Ես ավելի շատ սպասում էի, որ երեկոյան պետք է զանգի: Ապրում էինք իր զանգով, իր զանգից հետո մինչև իր մյուս զանգը: Ուղղակի ուզում էինք ձայնը լսել, այդ օրերին դա մեզ բավարար էր: Երբեք չի բողոքել ինչ-որ բանից: Ու միշտ հավատացել եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս, մեղր եմ կերել, նուռ ենք քաղել, պոպոք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի չհավատաս: Ամեն ինչ քողարկել են, մենք էլ միամտաբար հավատացել ենք կամ ցանկացել ենք հավատալ, որովհետև բոլոր ծնողներն էլ հավատացել են»:

Որդիները երկնքից թափվող կրակի, ռումբերի պայթյունների ու չդադարող կրակոցների պահերին անգամ ընտանիքներին հավաստիացրել են, որ ամեն բան կարգին է, իրենք լավ են: Արմենը շուտ է «վերադառնում» տուն: «Երբ դեպքը եղել է, իր հրամանատարը անուն-ազգանունը գրել է, դրել Արմենի կոշիկի մեջ: Ես այդ ընթացքում զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով ինքը զանգահարել էր, ոչ ոք չէր պատասխանում: Միայն վերջում մի տղա պատասխանեց, ասաց, որ հրամանատարի հետ է: «Մի անհանգստացեք իր համար, բոլորիս ինքն է գրկել, իջեցրել: Իր հետ չի կարող վատ բան պատահել»: Բայց մի քանի օր հետո զանգահարեցին ամուսնուս, գնաց Սևան, ինձ թույլ չտվեցին Արմենին տեսնել»: Արմենի ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ապրելու ուժ է տալիս այն, որ պատմի որդու մասին, որ բոլորը ճանաչեն նրան, նրա գործած սխրանքը: «Բացի դա, հավատում եմ, որ հանդիպելու ենք: Փորձում ենք ամուր լինել հանուն կրտսեր որդուս, հիմա նա միայն մեզ ունի»:

 

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ) Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության կողմից հետմահու ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է «Խիզախության» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ