«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Լյովայի բնավորության առաջին գիծը ճշտապահությունն էր: Ոչինչ չէր անում ուղղակի անելու համար, ամեն ինչ պետք է արտակարգ, իդեալական աներ: Դրա հետ է կապված այն, որ երբ այսօր իր հիշատակին ինչ-որ միջոցառում ենք կազմակերպում, ամեն ինչ անում ենք այնպես, որ իր տեսակին համապատասխան լինի, յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լյովայի հայրիկը՝ պարոն Շիրազը:

 

Նա որդուն չափից դուրս համեստ է բնութագրում. «Լյովան երկվորյակ քույր և կրտսեր եղբայր ունի: Դասերը պատրաստած, քրոջ հետ միասին դպրոց էին գնում, նույն դասարանում էին սովորում, իրար կողքի նստում: Աղջիկս ձգտում էր դասը պատասխանել, իսկ Լյովս ասում էր՝ ուզում են, թող հարցնեն: Երբեք անպատրաստ չի մտել դպրոց, բայց նաև չուներ սովորություն ցույց տալու, որ սովորել է, կարող է պատասխանել: Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում ու սովորում էր: Բարձր առաջադիմությամբ է ավարտել դպրոցը: Ուսուցիչներն ասում են՝ դասարանում աչքի ընկնող աշակերտներից էր»: Որդու՝ զինվորական դառնալու մտադրությունը հայրիկն այսպես է նկարագրում. «Դպրոցում սովորելու երևի թե վերջին երկու տարին զինղեկի հետ սերտ շփման արդյունքում որոշում կայացրեց գնալ ռազմական ուղղությամբ»: 2008 թ.-ին ավարտելով դպրոցը՝ Լյովան ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

 

Մեկ տարի անց, որպես գերազանց առաջադիմություն ունեցող կուրսանտ, մասնակցել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կազմակերպած մրցույթին: Ճանաչվել է լավագույնը և դեսպանի կողմից առաջարկություն ստացել ուսումը շարունակել Իտալիայում: 2009-2011 թթ. Լյովա Խաչատրյանը սովորել է Մոդենայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Թուրինի ռազմական համալսարանում, որն ավարտել է 2014 թ.-ին և վերադարձել հայրենիք: Օտար հողում ուսումնառության այդ հինգ տարվա ընթացքում ոչ միայն Լյովան է գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերում, այլ նաև օտարներին ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդն ու սպան, որպես հավաստում՝ նրա մասին պատմող գրքում զետեղված պատմություններն են: Հայրիկն իր հեղինակած «Ռոմանտիկ խաղաղապահը» գրքում մեկտեղել է որդու կյանքի պատմությունը, ընտանիքի անդամների, ուսուցիչների, հայ և օտարերկրացի ընկերների տպավորությունները Լյովա Խաչատրյան մարդու, սպայի ու ընկերոջ մասին: Վերադառնալով հայրենիք՝ լեյտենանտ Լյովա Խաչատրյանը 2014 թ.-ի սեպտեմբերից նշանակվում է ծառայության ՊՆ սահմանապահ զորքերում որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար։

Մոտ 1,5 տարի ծառայում է Վայքի զորամասում: 2016 թ.-ին գործուղվում է վերապատրաստման ԱՄՆ՝ Չիկագոյի ռազմական ակադեմիա: Հայրիկն ասում է՝ ԱՄՆ մեկնելը մի փոքրիկ նախապատմություն ունի: «Այդ օրերին ինչոր մարդիկ պատրաստվել էին մեկ ամիս, որ դեսպանատանը քննություն հանձնեն, բայց համապատասխան բալեր չէին հավաքել: Հիշել էին, որ պատրաստված կադր ունեն, կանչել էին Լյովիս, մոտ մեկ շաբաթվա ընթացքում բարձր առաջադիմությամբ հանձնել էր քննությունը: ԱՄՆ էր մեկնել՝ լինելով ավագ լեյտենանտ, մինչդեռ այնտեղ մայորի կոչում ունեցող զինվորական պետք է վերապատրաստման մեկներ»: ԱՄՆ-ում ինն ամիսների ընթացքում գերազանց ծառայության համար արժանանում է բազմաթիվ խրախուսանքների, հնարավորություն ստանում ելույթ ունենալ Պենտագոնում՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերադառնալով Հայաստան՝ Լյովան առաջարկություն է ստանում ծառայության անցնել Խաղաղապահ բրիգադում: Վերջին չորս տարվա ընթացքում ծառայում է այնտեղ՝ նախ որպես դասակի հրամանատար, իսկ հետո նշանակվում է վաշտի հրամանատար:

 

«Խաղաղապահ բրիգադում ծառայելու ընթացքում ցանկացած առաջադրանք, որ իրեն տալիս էին, այն կերպ էր կատարում, որ պարգևատրվում էր: Երբ տեսնում էր, որ գնահատվում է, ավելի էր ոգևորվում»,- ասում է հայրիկը: Խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ Լյովան իր վաշտով մասնակցել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ զինավարժությունների և բարձր արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել պատվոգրերով ու դիպլոմներով, արժանացել շքանշանի։ Եվրոպայում մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ու ներկայացրել Հայաստանը։ 2018 թ.-ին, որպես համագործակցության սպա, մարդասիրական առաքելության է մեկնում Լիբանան: Այնտեղ Հայաստանի ներկայացուցիչները համագործակցում էին Իտալիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, Լյովան հանդիպում է զինվորականների, որոնց հետ ուսանել էր Իտալիայում:

2019 թ.-ի ամռանը վերադառնում է առաքելությունից՝ գերազանց ծառայության համար արժանանալով պատվոգրի և շքանշանի, իսկ աշնանը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու հերթական զինավարժությունների։ 2020 թ.-ի փետրվարի 4-ին կապիտանը մեկնում է Սիրիա՝ որպես թիկունքի պետ, համագործակցելով ՌԴ խաղաղապահ զորքերի հետ: «Տարբեր երկրների զինվորականների հետ էր համագործակցում, համապատասխանեցնում հերթապահությունները, ամեն տեղից պատվոգրերով ու մեդալներով է վերադարձել: Սիրիայում իր ժամանակը լրանալուց հետո չէին ուզում, որ նա Հայաստան վերադառնար, ասել էին՝ կարող ենք պայմանավորվել, քեզ փոխարինող չեն ուղարկի, դու մնա: Բայց չափից դուրս հայրենասեր էր, կարոտել էր Հայաստանը»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Լյովային կանչեցին, համար մեկ տագնապ էր հայտարարված: Միանգամից գնաց զորամաս: Սկզբից տեղափոխվել էին Քաղցրաշենի զորամաս, այնտեղից էլ՝ Հադրութ: Սարսափելի մարտերի մեջ են եղել, շրջափակման մեջ ընկել, մեծաթիվ կորուստներ ունեցել, իրենց տղաներից շատերը դիվերսանտների դեմ հանդիման էին դուրս եկել: Ծանր էր տանում իր ընկերներից յուրաքանչյուրի կորուստը: Իրենք վերադարձան համալրման, երկու օր հանգստացան ու հոկտեմբերի 31- ին վաշտով ճանապարհ ընկան «Մարտունի 2»: Հադրութն արդեն հանձնել էին»: Լյովան անմահանում է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում:

 

«Տղաները բարձրանում են դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով, օդային հարձակում է սկսվում, կասետային արկից Լյովայի ոտքը վիրավորվում է: Տղաները օգնության են հասնում, Լյովան հրահանգում է չհավաքվել իր շուրջը, թողնում է միայն մեկ զինվորի, որ ոտքը վիրակապի, սակայն հաջորդում է երկրորդ հարվածը: Անտեսելով վտանգը՝ տղաներն իրենց հրամանատարին իջեցրել են դիրքերից»: Նոյեմբերի 5-ին Լյովան «տանն» էր: Կապիտան Խաչատրյանը դեռ շատ անելիք ուներ, բայց, ավաղ… «Լյովային նվիրված միջոցառման ժամանակ տղաներից մեկն ասաց՝ տարիքով մեզանից փոքր էր, բայց իրենից շատ բան ունեինք սովորելու: Եվրոպական և ամերիկյան համալսարաններում ուսումնառություն անցած ու վերապատրաստված սպա էր, նման զինվորական պատրաստելը հեշտ չէ, տարիներ են պետք: Իր ներուժն այլ կերպ պետք է օգտագործվեր»: Հիմա Լյովան հայրենի Լեռնավանում է: «Առաջարկներ եղան Եռաբլուրից և Վանաձորի պանթեոնից, բայց որոշեցինք, որ նա պետք է հայրենի Լեռնավանում մնա:

Մարդիկ ասացին՝ Լյովը մեր բոլորինն է, պետք է իրեն գյուղի հուշահամալիրում հուղարկավորենք: Կրասնոյարսկ քաղաքում բնակվող լեռնավանցիների ֆինանսական և Լեռնավանի բնակիչների ֆիզիկական աջակցությամբ կառուցվեց հիշատակի պանթեոն: 100-ից ավելի պատվոգիր ունի, 80 տոկոսն օտար լեզուներով է, ոչ Հայաստանում ստացված: Եվ դրանց վրա շեշտվում է Լեռնավանի անունը, չի շեշտվում Լոռու մարզ, Սպիտակի շրջան: Իսկ ցանկացած լեռնավանցու համար դա հպարտություն է»: Ապրելու ուժի մասին: «Ապրենք, որ իրեն ապրեցնենք: Քանի մենք կանք, Լյովան կա: Յուրաքանչյուրի համար կյանքը շարունակվում է, այո, ցավում են, բայց ամեն դեպքում իրենց համար կյանքն իր գույներն ունի: Մեզ համար սև է, ավելի սև ու այդպես շարունակ: Ուղղակի գոյատևում ենք»:

 

Հ. Գ. Բազմաթիվ են կապիտան Լյովա Խաչատրյանի մեդալները, պատվոգրերը ու տարաբնույթ դասընթացների մասնակցության սերտիֆիկատները, որոնք նա ստացել է նախքան անմահանալը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, հումանիտար առաքելության ընթացքում բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի պատվոգիր, խաղաղապահ առաքելության համար՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շքանշան, ՌԴ զինված ուժերի պատվոգիր և «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար» ՌԴ շքանշան, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեդալ՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թ.-ի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում իրականացրած ծառայության համար։ Կապիտան Լյովա Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պարգևատրումներ ունի նաև ՀԿների կողմից:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ