«Փաստ» օրաթերթը գրում է.

 

«Վրեժս չարաճճի երեխա էր: Մեծ եղբոր հետ և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ: Ընկերասեր էր, ազնիվ, հոգատար, ուշադիր: Մի ուսուցիչ ուներ, ասում էր՝ երբ Վրեժն ինձ տեսնում էր փողոցի դիմացի մայթին, անցնում էր այն, որ բարևի: Մեծին ու փոքրին հարգում էր: Ծնողներից մեկն էլ պատմում է՝ երեխաները տուն էին գնում, միայն քո Վրեժն էր, որ մոտեցավ ավելի տարիքով մարդու և ծանր պայուսակը ձեռքից վերցրեց ու օգնեց տուն հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգնազը՝ Վրեժի մայրիկը:

 

Անկեղծանում է՝ որդին սովորել չէր սիրում. «Ինչպես գրքերը ստանում էր, նույն կերպ տարեվերջին վերադարձնում էր դպրոցին: Բայց մասնակցում էր կազմակերպչական աշխատանքների: Շատ չարաճճի էր, աշխույժ, բայց գրքում, որտեղ ուսուցիչների պատմություններն են, նրանք ոչ միայն Վրեժի չարաճճիությունների մասին են պատմել, այլ նաև նրա ամենադրական հատկանիշներն են ներկայացրել»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վրեժն ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: Մայրիկը ժպտում է՝ Վրեժը չարաճճի ու աշխույժ էր նաև քոլեջում: Նախքան բանակ զորակոչվելը, նաև արձակուրդներին Վրեժն աշխատում էր: «Մեզ մոտ Վանաձորում սրճարան կար, այնտեղ մատուցող էր: Մի տեսակ նաև կարծրատիպը կոտրեց, թե տղաները մատուցող չեն աշխատում:

 

Շատ լավ էր աշխատում, հրաշալի լեզու էր գտնում տարբեր տեսակի ու բնավորությունների տեր մարդկանց հետ»: Վրեժը 2019 թ. հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ «Մարտունի 3»: Սերժանտական դասընթացների համար ծառայության ընթացքում մի քանի շաբաթով տեղափոխվել է Ասկերան, սակայն ծառայության հիմնական վայրը եղել է «Մարտունի 3»-ը: «Ծրագրով ծառայությունն ավարտելիս պետությունը գումար էր տրամադրելու, Վրեժը մտադիր էր այն օգտագործել սեփական բիզնես հիմնելու համար»: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Վրեժի տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկն արձագանքում է՝ շատ դրական:

«Տղաներով գնացել էին զինկոմիսարիատ, դիմել այդ ծրագրին, հետո արդեն զինվորական պաշտոնյաներ էին եկել մեզ մոտ, իրենց հրավիրել էին հանդիպման, զրուցել, պատմել ծառայության մասին: Ոգևորված եկավ տուն՝ հաստատ այդ ծրագրով կգնամ ծառայության: Զինկոմիսարիատում արդեն զորակոչվելու օրը հարցրեցի՝ Վրե՛ժ ջան, չե՞ս փոշմանել, ասաց՝ ոչ: Առաջին օրվանից ինքը գիտեր, որ առաջնագծում է ծառայելու»: Տիկին Արեգնազի խոսքով, որդին շատ կարգապահ զինվոր է եղել: «Երբ արձակուրդ էր եկել, իր պատվոգրերը բերել էր: Որքան չարաճճի էր, ծառայության ժամանակ նույնքան կարգապահ էր: Մի անգամ նկատողություն չի ստացել, որևէ խնդիր չի ունեցել: Մեկ տարի և ինն ամսվա մեջ որպես ծնող իր ձայնի մեջ դող ու անհանգստություն չենք զգացել: Ո՛չ հրամանատարական կազմի, ո՛չ էլ զինվորների հետ գեթ մեկ խնդիր ու տարաձայնություն չի եղել»: Ասկերանում սերժանտական դասերից «Մարտունի 3» վերադառնալուց հետո Վրեժը բարձրացել էր դիրքեր: «Հրամանատարը զանգահարել էր՝ Մարտիրոսյա՛ն, երբ իջնես դիրքերից, սերժանտի կոչում կստանաս: Բայց երեխես չիջավ դիրքերից: Իր զինգրքույկում նշել են, որ սերժանտի կոչում ունի»:

Ընտանիքն ինն ամիս չէր տեսել որդուն նախքան պատերազմի սկսվելը, քանի որ համավարակ էր: «Դիրքերից իջնելուց հետո պարտադիր տուն էր գալիս, բայց այդ ընթացքում իրեն չտեսանք»: Իսկ հետո պատերազմ էր: «Պարտադիր զանգահարում էր այնպիսի տեղերից ու պահերի, որ մենք որևէ ձայն չլսեինք: Զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, գնում ենք կոֆե խմելու, գնում ենք այսինչ բանը անելու: Իրեն ասում էի՝ Վրե՛ժ ջան, մենք ավելի անհանգիստ ենք, դու կարծես սանատորիայում լինես: Այնքան հանգստություն կար իր ձայնի մեջ: Մի անգամ էլ ասաց՝ կարող ես տղայովդ հպարտանալ, հերոսի քայլ եմ արել: Երբ հարցրեցի, թե ի՞նչ է արել, արձագանքեց՝ կգամ, կպատմեմ: Իր զինակից ընկերներն են մեծ տղայիս պատմել: Այնքան մեծ հարգանք ունի իր ընկերների շրջանում, նրանք հիմա մեծ տղայիս հետ կապ են պահպանում:

Նրանք են պատմողները, թե ինչեր է արել Վրեժը մարտի դաշտում: Ես առաջին շրջանում ոչինչ չէի ուզում լսել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը: Բայց վերջերս զինակից ընկերներից մեկը մեր տուն եկավ, պատմեց՝ Վրեժը պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ ասել է՝ եթե իմ կյանքով կվերջանա այս պատերազմը, թող վերջանա: Այդ տարիքի երեխա էր, բայց ձայնի մեջ դող ու անհանգստություն չէինք զգում, չէր պարծենում որևէ արածով»: Վրեժի վերջին զանգը հոկտեմբերի 23-ին էր: «Ու էլ չզանգեց: Ջրականում ու այլ վայրերում է եղել: Մի օր զանգեց ու ասաց, որ հեռախոսը կորցրել է՝ գնամ ու հեռախոսահամարն ապաակտիվացնեմ, որ հանկարծ դրանց ձեռքը չընկնի: «Մամ ջան, ֆլեշկաս գրպանումս է»: Դեռ խաղաղ ժամանակ խնդրել էր երաժշտական գործեր հավաքել ֆլեշկայի վրա և իրեն ուղարկել: Ես էլ իրեն ասացի՝ զգույշ կլինես, չկորցնես, մանկությանդ նկարներ էլ կան մեջը: Մի օր զրուցում էինք, ասացի՝ Վրե՛ժ ջան, ասում են, որ պատերազմը դադարելու է, էլ ԱԹՍ-ներ չեն լինի երկնքում, Վրեժն էլ արձագանքեց՝ հիմա մեծերն են գալիս:

 

19 տարեկանն իր մեջ այնքան ուժ ուներ, որ երբ իրեն ասացի՝ հայրիկն ուզում է իր մոտ գնալ, պատասխանեց՝ մա՛մ ջան, հանկարծ չթողնես գա, ինքը չի դիմանա»: Հոկտեմբերի 23-ին Վրեժի վերջին զանգն էր, զոհվելու օր է համարվում հոկտեմբերի 24-ը: Վրեժն անմահացել է «Մարտունի 3»-ի դիրքում: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Սկզբում վիրավորվել է, իրեն շտապ իջեցրել են դիրքից, բայց ավաղ... Ինձ համար հոկտեմբերի 24 գոյություն չունի: Բոլոր իմ հարազատներին ասել եմ՝ Վրեժս նոյեմբերի 4-ին է ծնվել, այդ օրը կգաք, եթե ուզում եք իրեն ինչ-որ մի օր հարգել ու հիշել: Եթե մարդն է օրը հորինում, նշանակում, ուրեմն նա էլ կարող է փոխել, չէ՞, չեմ ուզում, որ այդ օրն իմ տուն ինչ-որ մեկը գա: Ղարաբաղը չէին հանձնել, իր ընկերները ծառայում էին, ասել էին, որ միայն Վրեժի դիրքն է մնացել: Մեծ տղաս խնդրեց, որ այդ դիրքից հող բերեն, ու բերեցին»:

Վրեժից հետո ընտանիքին ապրեցնողը եղբայրն ու քույրիկը դարձան. «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի կորած լիներ, որ անընդհատ իրեն սպասեի: Բայց ես իրեն տեսել եմ, ինձ խաբել չեմ կարող: Վրեժից հետո իմ ուժի աղբյուրն իմ երեխաներն են՝ մեծ տղաս, որն ամուսնացել է, ու փոքր աղջիկս: Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը: Իմ Վրեժն այնքան լուսավոր էր: Առանց երգի ու երաժշտության չէր անցնում իր մեկ օրը: Դուռը թակում էր, բացում էի ու մեջքի հետևում պահված ծաղկեփունջն ինձ էր նվիրում»:

 

Հ. Գ. - Վրեժ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև Պոլիտեխնիկի քոլեջի կողմից: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ