«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր, այնպես չէ, որ իմ տղան է, դրա համար եմ ասում: Իրեն բոլորն են սիրել՝ բարեկամ, հարևան, յուրաքանչյուրը, ով իրեն ճանաչել է: Իր ներսում կարծես առանձնահատուկ մի բան լիներ, ինչը որևէ մեկին անտարբեր չէր թողնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

 


Հավելում է՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: «Ե՛վ կատակ էր անում, բոլորին ծիծաղեցնում, և՛ մեկ էլ լրջանում: Իրեն ամեն միջավայրում լավ էր պահում, տղամարդ տղա էր»:

 

Նշում է՝ որդին իր նման շատ էր սիրում հումանիտար առարկաներ՝ Պատմություն, Աշխարհագրություն և այլն: «Միասին ֆիլմեր էինք դիտում, գրքեր կարդում: Շատ խելացի երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, բայց իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, սպորտ շատ էր սիրում: Երևան էր գնում՝ «Ալաշկերտ» ակումբ, հետո էլ՝ Մասիս, հաճախում էր ֆուտբոլի: Մի քանի ամիս բռնցքամարտի է գնացել, նկարչական խմբակ է հաճախել, ամեն տեղ ուզում էր գնալ: Շտապում էր ամեն ինչ հասցնել: Փոքրուց միշտ ասում էր՝ կդառնամ հայտնի ֆուտբոլիստ, բայց գյուղում էինք ապրում, և գնալ-գալը մի քիչ դժվար էր, իհարկե, իր համար ամեն ինչ անում էինք, բայց եթե Երևանում ապրեինք, ավելի հեշտ կլիներ»: