«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դավիթս միշտ տարբերվող է եղել: Սկզբունքային, իրեն առաջ նետող, նախաձեռնող, արդարություն հաստատող տեսակ էր: Մի պատմություն վերհիշեմ: Ինը տարեկանում քույրը Դավթին հարցրել էր՝ ի՞նչ է սերը, պատասխանել էր՝ սերն ամբողջություն է: Հայրենիքը, որում ամեն ինչ է տեղավորվում, հենց ամբողջական սերն էր Դավիթի համար: Դավիթս գրվածքներ ունի, փակվում էր իր սենյակում և ինչ-որ պատմվածքներ ու երգեր գրում: Դարակում գտել ենք այդ տետրը: 12-ամյա Դավիթս սիգարետի մասին պատմություն է գրել ու դրա մեջ կարծես պատերազմն է նկարագրում: Կան տողեր անարդարության, դավաճանության վերաբերյալ, այն մասին, ինչ այսօր տեսնում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Լանան:
Դավիթի դպրոցում նրա ուսուցչի նախաձեռնությամբ դասասենյակ է անվանակոչվել: «Գերազանցիկության չէր ձգտում, հարվածային էր, ուսուցիչը միշտ ասում էր՝ Դավիթը լավ մարդ է: Երբեմն որպես մայր բարկանում էի՝ պիտի այսպիսին լինես, սա անես, ու չգիտեի, որ Դավթիս անվան տակ մեծ մարդ տեսակ է թաքնված, դա պատերազմից հետո եմ հասկացել: Դպրոցի տնօրենն ասում էր՝ Դավիթը փախչող տեսակ չէր: Իրոք, այդպես էր, կարող էր փախչել, իր մարմինը փրկել, բայց այնքան բարձրագույն հոգու տեսակ էր, որ պետք է մնար պատերազմի դաշտում իր արդարացի ու ազնիվ տեսակով: Ամեն ինչ ուզում էր փորձել, անգամ որպես մայր նեղսրտում էի, թե ինչու մի բանի վրա չի կենտրոնանում, հետո եմ հասկանում, որ փորփրող, փնտրտող տեսակ էր»,-նշում է զրուցակիցս: