ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց դրա գործիքակազմը: Մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները հրավիրվել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:
«Միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Գործիքակազմն առավելապես իրավական է: Այն նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների: Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք: Անցումային արդարադատության գործիքակազմը հստակ սահմանված է, առաջինը՝ քրեական մեղադրանքներն են, երկրորդը վեթթինգն է՝ գնահատման գործընթացը»,- ասաց Վարդապետյանը:
Փոխնախարարը նշեց, որ պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ ու գործիք է օգտագործելու երկրում ստեղծված լուրջ խնդիրները լուծելու համար:
«Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է և պարտավորված է բոլոր գործիքները կիրառել: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու համար այն ինստիտուցիոնալ բացը, որն ինքն ունի»,- նշեց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ վեթինգը գնահատման հարցն է: «Ցավոք, իմ գործընկերներից շատերը վեթինգը բառացի թարգմանում են որպես զտում, այս առումով կարծում եմ տառացի մեկնաբանությունը ավելորդ իմաստային շփոթ է առաջացնում, վեթինգը գնահատման գործընթաց է»:
Մանրամասները՝ տեսանյութում: