2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25․ Արդարադատության փոխնախարար
«Առաջարկվում է 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0․5-ի փոխարեն նախատեսել 0․25՝ հաշվի առնելով ընդհանուր ծանրաբեռնվածությունը և արարքի վտանագավորությունը, բայց, միևնույն ժամանակ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ խորհրդարանական վերահսկողության և նաև կառավարության կողմից օրենքի նախագծից հետագայում առաջացող պրակտիկայի վերլուծության արդյունքում կդիտարկենք ընդհանուր իրավիճակը և եթե կարիք լինի որոշակի շտկումների կամ փոփոխությունների ընդհանուր բալային համակարգում՝ դրանք կնախատեսենք»,- այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը նաև անդրադարձ կատարեց կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտմանը․
«Այս պահի դրությամբ' այդ խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը և նաև ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից այս արարքի կարևորությունը, նախատեսում ենք, որ 1 տարվա ընթացքում արարքը 2-րդ անգամ կատարելու պայմաններում սա կառաջացնի 2 տուգանային միավոր»,- իր խոսքի ընթացքում մանրամասնեց արդարադատության փոխնախարարը։