Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում արդեն հասցրել են կնքել «նյու Շմայս» անունով, հինգշաբթի օրը «դեբոշ» է սարքել  Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: Չվերթը եղել է երեկոյան ժամի, որն իրականացրել է «Աէրոֆլոտ» ընկերությունը:

 
 

Պատգամավորն ինքնաթիռում նստած է եղել էկոնոմ-դասի հենց առաջին շարքում՝ բիզնես-դասի անմիջապես հետևում: Իսկ բիզնես-դասում նստած է եղել Սյունիքի նախկին մարզպետ, Para TV-ի սեփականատեր Վահե Հակոբյանը, որին ուղեկցել է մի տղամարդ՝ հավանաբար Հակոբյանի ընկերներից:

Ըստ ականատեսների, երբ օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայում, Հայկ Սարգսյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել օդանավի ուղևորների նկատմամբ՝ փորձելով նրանց հրմշտելով շրջանցել հերթն ու առաջինն իջնել օդանավից: Արդյունքում վիճաբանություն է առաջացել պատգամավորի և օդանավի որոշ ուղևորների միջև, որոնց թվում են եղել նաև Վահե Հակոբյանն ու նրան ուղեկցող տղամարդը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ վերջիններս դիտողություն են արել պատգամավորին, թե ինչու է նա փորձում հերթը խախտելով ու մյուսներին շրջանցելով՝ առաջինը դուրս գալ օդանավից:

Հայկ Սարգսյանին, սակայն, դուր չի եկել, որ իրեն դիտողություն են արել իր ոչ քաղաքավարի պահվածքի համար: Սկսվել է վիճաբանություն ուղևորների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի ու, առավելապես, նրան ուղեկցող տղամարդու և «Իմ քայլի» պատգամավորի միջև: Բանը հասել է իրար «արա»-ով դիմելուն, թե «հետս «արա»-ով չխոսաս» և այլն: Այս ամենը մեզ պատմեց Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը, որը սյունեցի է և ճանաչել է իրենց նախկին մարզպետին ու նրա և մյուսների հետ վիճաբանող Հայկ Սարգսյանին:

Մեր զրուցակցի պատմելով՝ օդանավի ուղևորները զայրացած էին «ախռանիկ-պատգամավորի» պահվածքից, իսկ որոշներն էլ դժգոհել են, թե՝ «բա որ տեսնեիք իրեն ոնց էր պահում «բիզնես-լաունջում» աղջիկների հետ»: Մենք փորձեցինք կապ հաստատել Հայկ Սարգսյանի հետ, բայց չհաջողվեց:

 

 

hraparak.am