Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական գործը բողոքարկելու հնարավորությանը:
ՍԴ հաղորդագրությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, եւ առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլեւս չի սահմանում:
Ուստի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել:
Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:
Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»: