Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից բավական ինտենսիվ տեմպերով շարունակվում է։ Քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։ Անցած տարի միայն բանկային համակարգով Հայաստանից դուրս բերվեց շուրջ 1,2 մլրդ դոլար։ Սա աննախադեպ ցուցանիշ էր։ Նախկինում երբևէ ֆիզիկական անձանց միջոցով այդքան տարադրամ դուրս չէր եկել Հայաստանից։ Բայց դա դեռ ամենը չէ. ոչ պակաս մեծ գումարներ դուրս են գալիս նաև այլ ճանապարհներով: Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները եւ ի՞նչ նպատակով՝ հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։ Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։
 
Փաստորեն, մինչ իշխանությունները խոսում են բարեփոխումների, բիզնեսի համար շահավետ պայմաններ ստեղծելու մասին, ՀՀ-ից կապիտալի արտահոսքն ավելի մեծ տեմպեր է ստանում:
 
Կապիտալի արտահոսքի պատճառները բազմաթիվ են, սակայն ամենավտանգավոր պատճառը, թերևս, արտագաղթն է, որը վերջին ամիսներին նույնպես լայն թափ է հավաքել: Ստացվում է՝ մարդիկ պարզապես չեն հավատաւմ պայծառ ապագային և հեռանում են՝ Հայաստանից դուրս բերելով նաև կապիտալը: Թերևս այսպես են իշխանությունները իրականացնում զանգվածային ներգաղթի՝ խոստացված ծրագիրը: Մյուս պատճառն այն է, որ իշխանությունները չեն ապահովում բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ պայմանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ կապիտալը Հայաստանում իրեն ապահով չի զգում, քանի որ հայտնի ասացվածքի համաձայն՝ փողը լռություն է սիրում: