Այսօր համացանցում հայտնվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը: Գլխավոր աբսուրդը այստեղ թերևս այն է, որ երկրի ազգային անվտանգությունը ապահովվելու կոչված անձը ինքն է գաղտնալսվում: Բացի այդ, փաստորեն, ԱԱԾ և ՀՔԾ պետերն են որոշում՝ ով պետք է կալանավորվի, իսկ ով՝ ոչ: Սա, ինչ խոսք, արդարադատության համակարգի հետ որևէ առնչություն չունեցող երևույթ է, և ավելի լավ խաղաքարտ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների ձեռքում՝ դժվար է անգամ պատկերացնել: Միայն այն փաստը, որ ԱԱԾ պետը հրահանգում է, որ դատավորը ցանկանա, թե ոչ՝ պետք է կալանավորի Քոչարյանին ՝բավական է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները Մարտի 1-ի քրեական գործով իրենց պաշտպանյալի համար ապահովեն անհրաժեշտ և ցանկալի ելքը: Հեռախոսազրույցից ակնհայտ է երկու պաշտոնյայի ակնարկը, որ դատավորները և վկաները կաշկանդված են Քոչարյանի ու մյուսների՝ ազատության մեջ մնալով, և դա, թերևս, լավագույնս բացատրում է, թե ինչու են գնացել կալանավորման տարբերակով:
 
Տեսագրության՝ համացանցում հայտնվելուց րոպեներ անց, ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրավիճակը փորձեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանը, ում համար սա իրապես առաջին լուրջ սկանդալն է՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր: Փաշինյանը կրկին սլաքներն ուղղեց հակահեղափոխությանը սատարող ուժերի ուղղությամբ՝ առանց անուններ նշելու, սակայն Մարտի 1-ի հիշատակումից արդեն իսկ պարզ է դառնում, որ ըստ Փաշինյանի՝ արտահոսքի հետևում ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության ժամանակ հիշատակված անձանցից մեկն է:
 
Մյուս կողմից, նման արտահոսքը իրոք լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ո՞վ է գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցը և ի՞նչ նպատակով: Կան տեսակետներ, որ ԱԱԾ-ում դեռևս ակտիվ են նախկին իշխանության կադրերը, հատկապես միջին և ստորին օղակներում: Նույնը կարելի է ասել նաև ՀՔԾ մասին: Չի կարելի բացառել, որ նման արտահոսքը հենց նրանց ձեռքի գործն է:Սակայն չի կարելի բացառել նաև արտաքին միջամտությունը, ինչը միգուցե էլ ավելի մտահոգիչ է հատկապես աշխարհաքաղաքական վերջին զարգացումների, Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում առկա լարվածության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին Կրեմլից ցուցաբերվող ակնհայտ աջակցության ֆոնին:
 
Ի դեպ, ԱԱԾ և ՀՔԾ պետերը անչափ օպերատիվ կերպով արձագանքեցին ստեղծված իրավիճակին՝ հրավիրելով մամուլի ասուլիս: Ասուլիսից տպավորությունը երկակի էր. Իհարկե, երկու կառույցների ղեկավարներն էլ փորձեցին «ջրից չոր դուրս գալ» և հնարավորինս «մաքրել» նաև Փաշինյանին, ում անունը հեռախոսազրույցում ևս շոշափվում է: Ըստ էության, նրանք ևս կրկնեցին Փաշինյանի այն թեզը, որ սա նպատակաուղղված հարված էր համակարգին և հատկապես դրա իրավական-ուժային բաղադրիչին:
 
Ստելլա Խաչատրյան