Մայիսի 28-ը իրավամբ համարվում է մայիսյան հաղթանակների հանրագումարը: Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակը ճակատագրական դարձավ հայ ազգի համար: Այդ հաղթանակը կանխեց ողջ հայ ազգի ոչնչացումը և նպաստեց հայկական պետականության վերադարձին:
«20-րդ դարի Ավարայրը» նոր շունչ և նոր ապրելակերպ թելադրեց հայ ժողովրդին, ընդգծեց պետականություն ունենալու կարևորությունն ու անկախության արժեքը:
Հետահայաց նետելով պատմության վառ էջերին՝ նկատում ենք՝ միայն միասնականության արդյունքում է հայ ժողովրդին հաջողվել հաղթանակներ տոնել և իր կամքը թելադրել թշնամուն:
Միասնականությունն է, որ ապագայում ևս կնպաստի վերջնականապես հաղթանակով պսակելու Արցախյան հիմնախնդիրը, հաղթահարելու աղքատությունն ու արտագաղթը, բնակչության բևեռացումն ու սևերի ու սպիտակների բաժանումը:
Ժամանակները փոխվել են. եթե նախկինում հաղթանակների լուծման հիմնական տարբերակը պատերազմն էր, այսօր դիվանագիտությունն է, հետևաբար, մեզ նորովի և ավելի հնչեղ խոսք է պետք հենց դիվանագիտության ասպարեզում:
Շնորհավորում եմ Հանրապետության տոնը:
Երկու տարվա կյանք ունեցած Առաջին հանրապետությունը մեզ տվեց երազանք՝ ունենալու պետականություն և նպատակ՝ այն վերջնականապես ձևավորելու:
Այո՛, այսօր մենք ապրում ենք մի Հայաստանում, որտեղ վաղուց վերականգնված է պետականությունը, սակայն դեռևս ունենք այն ավելի հզորացնելու և ուժեղացնելու հրամայական:
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար՝ Արման Վարդանյան