Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան ներկայում է անում։ Այս մասին Երևանում անցկացվող ԵԱՏՄ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
«Մենք մոտավորապես 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա ենք տարեկան օգտագործում, սակայն կարող ենք արտադրել ու արտահանել ևս 7 մլրդ ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ի՞նչ է դա նշանակում. մենք հիմա վճարում ենք հզորությունների համար, որոնք այս պահին չեն աշխատում։ Եթե լինի ԵԱՏՄ անդամ երկրների հետ լինի ինտեգրացիա, ապա մենք հնարավորություն կտանք, որ այդ հզորություններն անընդհատ աշխատեն։ Արդյունքում' մեր սպառողները ստիպված չեն լինի վճարել այդ հզորությունների համար, որոնք այսօր ուղղակի չեն աշխատում»,– ընդգծեց փոխնախարարը։
Քննարկման ժամանակ նշվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում էլեկտրաէներգիայի ամենամեծ պաշարն ունի ՀՀ–ն, իսկ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ նկատվում է Ղրղզստանում։
«Ինչո՞ւ մենք ունենք նման պաշարներ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրի սահմանները երկու հարևան երկրների կողմից փակ էին, մենք գրեթե մեկուսացված երկիր էինք դարձել։ Այդ իսկ պատճառով մեր երկրի համար էներգետիկ հետագա ինտեգրացիան միանշանակ շատ ավելի արդյունավետ կլինի»,– ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով' ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունեն ընդհանուր սահման, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է կառուցել էլեկտրահաղորդման կայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի Վրաստանի միջոցով ապահովել էլեկտրաէներգիայի հաստատուն մատակարարում։ Վարդանյանի կարծիքով' դա կնպաստի բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգությունը և չպահել այդքան մեծ պահուստներ, որոնք խիստ անհրաժեշտության դեպքում են միայն պետք։