Ինչպես հայտնում է Ազատության հրապարակից ԳԱԼԱ-ի թղթակիցը, քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության է գնացել ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս նախ հանդիպել է Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին: «Այցելել եմ նախ առաջին հերթին իմ ընկերոջը՝ Արմեն Մարտիրոսյանին, իմ կոլեգային, որի հետ երկար տարիներ պատգամավոր եմ աշխատել: Ես, որպես Խաչատրյան Լյովա, ապարանցի Լյովա, այցելել եմ հայ մարդկանց»,- ասել է ԲՀԿ անդամը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որպես քաղաքական թիմի ներկայացուցի՞չ է այցելել, թե՞ որպես շարքային քաղաքացի: Նա նշել է, որ դեռևս չի հաջողվել իրեն հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ վերջինս մարդկանցով է շրջապատված: Նշենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր Ազատության հրապարակի հարթակին նստած տարբեր երգեր են կատարում: ԱԺ պատգամավորը հայտնել է, որ եկել է առողջություն մաղթելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք իր այցը համաձայնեցվա՞ծ է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, Լյովա Խաչատրյանը տվել է հետևյալ պատասխանը. «Բացարձակ նման խնդիր չկա դրված կուսակցության նախագահի կողմից՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, կամ այցելել, չայցելել: Ես համենայնդեպս նման խնդիր չեմ տեսնում, ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Մարտիրոսյան Արմենի ընկեր, այցելել եմ իմ ընկերոջը և հայ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Մեր հաջորդ հարցին, թե եթե հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին, հորդորելո՞ւ է նրան դադարեցնել հացադուլը, ԲՀԿ-ական պատգամավորը ասել է՝ ոչ:

Փայլակ Ֆահրադյան