ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Աբովյանում՝ մասնակցելով համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի:

Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին, կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի:

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես դուք եք որոշում , թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ, գյուղապետ , պատգամավոր , վարչապետ։ Ամեն անգամ թե տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի իշխանության վերահաստատման տոն: Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում և Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- եզրափակեց Փաշինյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին:

Որպես թեկնածու է առաջադրվել նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: