Չարբախում գտնվող «Սանիթեք» աղբահանման ընկերության ավտոպարկի հարակից շենքերի բնակիչները վաղն առավոտյան պատրաստվում ենք փակել «Սանիթեք»-ի ավտոպարկի մուտքն ու փողոցը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում շենքի բնակիչներից Արթուր Թորոսյանը փոխանցեց, որ փակելու են ընկերության ավտոբազայի մուտքը, որպեսզի չկարողանան աշխատել. «Նպատակն այն է, որ ավտոպարկը մեր շենքերի մոտից տեղափոխեն, որովհետև շենքերին այնքան մոտ է, որ ապրել ու գարշահոտությունը շնչել չի լինում: Որտե՞ղ է գրված, որ բնակելի շենքերից 10-15 մետր հեռավորության վրա նման ավտոպարկ լինի: Զիբիլի հոտից, ճանճից, եռուզեռից, հայհոյանքներից մարդիկ չեն կարողանում քնել: Նախորդ տարի էլ դրա պատճառով մարդ մահացավ, երբ դիտողություն էր արել, վիճաբանություն էր սկսվել»,- ասաց նա:Նա նշեց, որ տարածքում գտնվող շենքերի բնակիչները դուրս են գալու փողոց՝ ներկայացնելու իրենց պահանջը, որովհետև բազմիցս դիմել են քաղաքապետարան, բայց խնդրին որևէ լուծում չի տրվել: