Անվտանգության ոլորտում մեր գործերը չեն փայլում: ՀՀ-ն ձախողեց, երբ Փաշինյանի ջանքերով Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին, և նա զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ձախողում է նաև մարտին Իրանում օտարերկրյա գործակալների մասին հայտարարությունը:
«Նույն օրը Փաշինյանից պահանջեցի ներկայացնել օտարերկրյա գործակալների անունները: Հիմա դուք ասեք՝ Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական անմեղսունակության արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական ջրիկության:
Արցախում և ՀՀ-ում դավադիր ուժերի մասին հայտարարությունը ևս անհեթեթ էր, սա հակապետական հայտարարություն է: Տարածաշրջանի միակ սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են:
Կարծում եմ՝ սա քարտ բլանշ է՝ պատերազմական գործողություններ սկսելու»,-ասաց Շարմազանովը:
Բանախոսը կարծիք հայտնեց նաև, որ Փաշինյանն իր անձնական խնդիրները չի կարողանում տարբերակել պետական խնդիրներից: Էդուարդ Շարմազանովը Վազգեն Սարգսյանի խոսքերը հիշատակեց՝ «Մենք իրար սիրել պարտավոր չենք, բայց մենք իրար հարգել ու հանդուրժել պարտավոր ենք», այնուհետ կոչ արեց երկրի ղեկավարին՝ պարապ ժամանակ խորոված չուտել, այլ Վազգեն Սարգսյանին ու հայ մեծերին կարդալ, ովքեր համերաշխություն ու միասնություն են քարոզել:
Խոսելով Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին՝ Շարմազանովը հայտարարեց, որ այստեղ ևս Փաշինյանը ձախողել է:
«2018 թ. մայիսի ինին գալով իշխանության՝ Փաշինյանը նոր թեզ, հայեցակարգ դրեց. «Տեսանք՝ որն է. Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի համաձայնություններին պատմության գիրկն ուղարկելը: Սա անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և դիվանագիտական պարտությունն է»,-նշեց նա:
Ամփոփելով իր խոսքը՝ Շարմազանովը վարչապետի վեցամսյա՝ տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում կառավարումը որակեց որպես փայլուն ստերի և փայլուն մանիպուլյացիաների քաղաքականություն: