Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում բողոքելու հայկական մեդիայից, որն, ըստ նրա, գտնվում է այսպես կոչված' նախկինների վերահսկողության տակ և մեդիատեռոր է իրականացնում իր դեմ՝ իրավիճակը ներկայացնելով իշխանությանը ոչ ձեռնտու պրիզմայի ներքո: Սակայն, ուշագրավ է, որ մեդիատեռոր Փաշինյանի դեմ անում են նաև միջազգային հեղիանակավոր լրատվամիջոցները, որոնցից օրինակ' Ալ Ջազիրան կամ ռուսական Առաջին ալիքը որևէ կերպ նախկինների հետ չես կապի, և վերջիններս պարզապես օբյեկտիվ նկարագրում են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նկարագրությունն էլ մեղմ ասած՝ Փաշինյանի օգտին չէ:
Այսպես, օրինակ, Միջազգային հարաբերությունների ուկրաինացի մագիստրոս, քաղաքագետ և վերլուծաբան Անտոն Ռովենսկին ներկայացրել է 2020 թվականին իրենց հաղթանակներով ու վերելքներով, ինչպես նաև պարտություններով ու անկումներով աչքի ընկած քաղաքական գործիչների ցանկը, որը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ըստ փորձագետի՝ հաջողակ գործիչների ցանկը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաջողակ գործիչների շարքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լեռնային ղարաբաղում հաղթանակ տանելու համար,- նշում է վերլուծաբանը: Տարվա անհաջողակ գործիչների ցանկը բացում է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պարտությունն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պաշտոնական Երևանին գցել է լրջագույն ներքին ճգնաժամի մեջ: Որպես հետևանք Փաշինյանի հեռացումն իշխանությունից ոչ թե սկզբունքի, այլ ժամանակի հարց է: Չի բացառվում, որ Փաշինյանը ստիպված լինի քաղաքական էմիգրացիայի գնալ՝ փրկվելով քրեական հետապնդումից»,- նշում է հեղինակը:
Նիկոլ Փաշինյանը գնալով դժվարանում է կատարել պետության ղեկավարի գործառույթները: Հասարակության մեջ նրա ցանկացած երևալը սկանդալի և էլ ավելի մեծ գրգռման է հանգեցնում: Շաբաթ օրը ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որպեսզի Փաշինյանը կարողանա ծաղիկներ դնել զինվորական պանթեոնում, իսկ երկուշաբթի նա էլ ավելի նուրբ խնդրի առաջ է կանգնել՝ ուղևորություն դեպի երկրի հարավային հատված: Այս շրջանի բնակիչները սովոր են այն փաստին, որ ադրբեջանական դիրքերն իրենց բնակավայրերից գտնվում են 70 կմ կամ նույնիսկ 100 կմ հեռավորության վրա, և այժմ սահմանը գծվում է բառացիորեն իրենց քաղաքների և գյուղերի ծայրամասերի երկայնքով, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը:
Ռուսական ОРТ-ն իր հերթին ռեպորտաժ էր պատրաստել Սյունիքից Փաշինյանի փախուստի մասին' վարչապետի այցը որակելով՝ տապալված:
«Ինչու հայոց եկեղեցին գնաց Փաշինյանի դեմ». այս վերնագրի ներքո Взгляд ռուսական պարբերականը գրում է, որ երկու կաթողիկոսները վարչապետին կոչ են անում ազատել պաշտոնը:
Բրիտանական The Independent-ը նշել է, որ հազարավոր ցուցարարներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ նա դավաճանել է ազգային շահերին։ «Հայաստանի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ շարունակում են ճնշում գործադրել հետխորհրդային երկրի վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա՝ հարևան Ադրբեջանի հետ ստորագրած խաղաղության գործարքի համար, ինչը ընդդիմախոսները համարում են դավաճանություն՝ ազգային շահերին»,- գրում է պարբերականը։
«The washington post» պարբերականը, եւս անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, մեջբերել է Արթուր Վանեցյանի խոսքերը. «Ներկայիս իշխանությունները, որոնք լիակատար ձախողում են ունեցել, պետք է անհապաղ հեռանան իշխանությունից և այլ քաղաքական ուժերի թույլ տան փորձել գոնե բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»:
BBC-ի հոդվածի վերնագիրը նույնպես անչափ խոսուն է՝ «Երբ բոլորը դժգոհ են. ինչո՞ւ Փաշինյանը չդարձավ հայկական Մանդելա»: Պարբերականը նշում է, որ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանի թիմակիցները վախենում էին անգամ դուրս գալ տներից, իսկ ինքը Փաշինյանը երկար ժամանակ չէր երևում հանրության առջև:
РитмЕвразии պարբերականը հանդես է եկել հոդվածով՝ «Փաշինյանը շարունակում է երկիրը քանդելու մաստեր-կլասսը»: Կայքը նաև նշում է, որ ոստիկանները հրաժարվել են ցրել Սյունիքում հավաքված և Փաշինյանի մուտքը մարզ կանխել փորձող ցուցարարներին և դա է պատճառը , որ Փաշինյանին չի հաջողվել մտնել Սյունիք:
ԱլՋազիռան հայտնում է Հայաստանում ծայր առած բողոքի ակցիաների մասին, որոնց պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը:
Euronews-ը գրում է, որ Փաշինյանի ընդդիմախոսները պաշարել են փողոցները, մինչդեռ ինքը' Փաշինյանը, համառորեն հրաժարվում է հեռանալ իշխանությունից:
France24-ը գրում է ընդդիմության գործողությունների մասին' ընդգծելով դրանց խաղաղ բնույթը: Պարբերականի տվյալներով' փողոցում հավաքված ընդդիմադիրների թիվը անցնում է 20 հազարից:
Ինչպես տեսնում ենք՝ պրիզման որով միջազգային ամենա հեղինակավոր լրատվամիջոցները լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ տեղի ունեցող գործընթացները՝ միանշանակ է, անգամ ֆրանսիացի և ռուս լրագրողների համար է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը քանդում է և անում է դա նախանձելի համառությամբ…