Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այսօր առավոտից կրկին փակել են Երևան-Թբիլիսի միջպետական երկաթուղին։ Պատճառն այն է, որ այսօր՝ հուլիսի 1-ին, լրանում է պղնձաձուլարանի աշխատակիցների արդեն 3-րդ անգամ երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը և ընկերությունը չի պատրաստվում նոր պայմանագրեր կնքել, ինչի արդյունքում 200 աշխատակից կդառնա անգործ։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ շարունակում են փակ պահել երկաթգիծն ու գործարանի մուտքերն ու ելքերը` մինչև իրենց խնդրին լուծում տրվի․ ««Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը պղնձաձուլարանի աշխատողների պայմանագրերը երկարացնելու ծանուցագիր չի ուղարկել, ինչը նշանակում է, որ 200 աշխատակից ազատված է աշխատանքից։ Մեր պայմանագրերը ևս 2 ամսով հետաձգել էին և մենք գտնվելով հարկադիր պարապուրդի մեջ՝ վարձատրվում էինք աշխատավարձի երկու երրորդով, բայց հիմա դա էլ չի լինելու։ Այս պահին աշխատողների մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ են հանդիպում, տեսնենք՝ ինչ լուծում կտան»,- նշեց պղնձաձուլարանի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, որի արդյունքում բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։
Ալավերդու ամենամեծ ձեռնարկությունը պղնձաձուլական գործարանն է և այստեղ մոտ 600 մարդ է աշխատում։