Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ: Դեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես գիտեք մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ, ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, չենք կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,- ասաց նա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա: « Հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը կրկին սկսել է սնվել համակարգից, որևէ վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Վարդանյանը:

Նա հայտնեց, որ Տավուշի և Լոռու մարզի մի մասն այս պահին անջատել են Հայաստանի էներգոհամակարգից և միացված են վրացական էներգոհամակարգին, Վրաստանից 28 մեգավատ հոսանքի ներմուծում ունենք, մարզերի էներգոմատակարարումը վերականգնված է: «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ, վերականգնված է: Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է: Սեփական գեներացիան 506 մեգավատ է այս պահին: «Սևան-Հրազդան» կասկադը ամբողջ հնարավորությամբ այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը ևս համակարգից անջատված էր, «Որոտան» կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ևս:

«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկում և «Երևան» ՋԷԿ-ում զննության, վթարա-վերականգնողական աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:

Հակոբ Վարդանյանը տեղեկացրեց, որ շոգետուրբինը մինչև 250-280 մեգավատ բեռ կարող է հավաքել: Այդ ժամանակ Հանրապտությունում ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները: