Որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն տպավորություն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի քաղաքացիներին, հանրությանը նախապատրաստում է համաճարակի բռնկման: Այլ կերպ դժվար է մեկնաբանել նախարարի՝ երկու ամիս առաջ ստորագրած և մեկ ամիս առաջ ուժի մեջ մտած հրամանը: Դրանով նախարարը հաստատել է «Բնական ծաղիկով պացիենտների վարման գործելակարգ»-ը' համաձայն հավելվածի: Առողջ դատողություն ունենալու պարագայում դժվար է ենթադրել, որ մոտակա տարիներին պապիլոմա վիրուսի սպառնալիքին կմիանա նաև օսպան, մի բան էլ իրավիճակը այնքան կխորանա, որ կկանգնենք համաճարակի վտանգի առջև: Սակայն Թորոսյանը այս դեպքում ևս տրամաբանական բացատրությունների հետևից չի պատրաստվում ընկնել. պետք է և վերջ:
Ի դեպ, բացատրություններ նախարարը հնչեցրել է, այն էլ այնպիսի բացատրություններ, որ ցանկության դեպքում Թորոսյանին կարելի է պատասխանատվության կանչել պետական գաղտնիք բացահայտելու հոդվածով: Բանն այն է, որ իր անիմաստ հրամանը նախարարը բացատրել է այն հանգամանքով, որ մեր երկրում իմունիզացիայի ծածկույթը վերջին շրջանում նվազել է 10%-ով: Թորոսյանը մոռանում է, որ պատերազմող երկրի նախարար է և նման հայտարարութուններ անելուց առաջ պետք է շատ լավ գիտակցել հետևանքները: Բացի այդ նա թերևս տեղյակ չէ, սակայն իմունիզացիայի ծածկույթի վերաբերյալ տեղեկատվությունը ազգային անվտանգությանն է առնչվում և չի կարող փոխանցվել ում պատահի, երբ պատահի, ոնց պատահի: Սակայն, արի ու տես, որ պատահում է: Մնում է ենթադրել, որ Թորոսյանը հերթական անգամ լծվել է հանրահայտ Գավի հիմնադրամից մենաշնորհ պոկելու սուրբ գործին: Հիշեցնենք, որ Գավին հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով գործող միջազգային հիմնադրամ է: Հիմնական դոնորներն են զարգացած երկրների կառավարությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ–ը, Համաշխարհային բանկը, պատվաստանյութերի արտադրությամբ, հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ բարերարները:
Սա հենց այն նույն հիմնադրամն էր, որը հայաստանյան հանրության վրա Թորոսյանի «թեթև ձեռքով» «սաղացրեց» Գարդասիլը: Այժմ էլ, կարծես թե, նոր ծրագիր է ուրվագծվում, քանի որ հակառակ դեպքում որևէ տրամաբանություն չկա 1970-ական թվականներից վերացած և աշխարհում հաշված լաբորատորիաներում պահվող Բնական ծաղիկի (օսպա) վիրուսային ինֆեկցիայով հիվանդների վարման գործելակարգ հաստատելու մեջ, այն էլ այդքան հապճեպ…